«Մինչև աղբահանության հարցը չլուծվի, աղբահանության տեսակավորման մասին չի կարող խոսք լինել». Հայկ Մարության
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանն աղբահանության և մայրաքաղաքում աղբամանների տեղադրման հետ կապված՝ քաղաքապետ Հայկ Մարությանին հարց ուղղեց.
«Շաբաթներ առաջ քաղաքապետարանում խոսեցին, որ լրացուցիչ 6 հազար աղբաման պետք է ձեռք բերենք, դրանցից երկու հազարն այստեղ պետք է լինեին, ունե՞նք հստակ ժամկետներ, թե դրանք ե՞րբ պետք է լինեն, և աղբի վերամշակման ու տեսակավորման հետ կապված կա՞ն որոշակի ծրագրեր»:
Պատասխանելով հարցին՝ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ աղբամանների ձեռքբերման համար այսօր կամ վաղը պայմանագիրը կկնքվի, որից հետո 10 օրվա ընթացքում մոտավորապես 1200 աղբաման արդեն կբերեն։
Ինչ վերաբերում է աղբի վերամշակմանը, փոխքաղաքապետն ասաց, որ տարբեր առաջարկներ կան, սակայն բոլորը սպասում են, որպեսզի այդ առաջարկները քաղաքային իշխանությունը կամ Կառավարությունը սուբսիդավորի։
«Այս պահին կա երկու կազմակերպություն, որոնք համայնքից խնդրում են իրենց տրամադրել աղբը և ինչ-որ տարածք, որպեսզի կարողանան իրականացնել գործունեություն։ Սա նախնական քննարկման փուլում է, այսինքն՝ աշխատանքներ իրականացնում ենք, և հավելյալ տեղեկություն ունենալու դեպքում՝ դրա մասին կտեղեկացնենք»,- նշեց Հրաչյա Սարգսյանը։
Հարցին արձագանքեց նաև քաղաքապետը` նշելով, որ մինչև աղբահանության հարցը չլուծվի, բնակչության կողմից աղբի տեսակավորման մասին չի կարող խոսք լինել։
«Մենք մտածում ենք, որ բնակչությունը կարող է սորտավորել աղբը, մասնավորապես՝ թուղթը, կան ծրագրեր, որ այդ գործում ներգրավենք նաև մեր դպրոցներին»,- շեշտեց Հ. Մարությանը։
Զվարթ Խաչատրյան