«Մեքենա է կանգնում ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում ամուսնուս հասցեին». «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամի կինը մանրամասնում է

«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը հունիսի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ամիրյան փողոցում դանակահարել են «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին: Ավելի ուշ՝ «Արմենպրեսի» հետ զրույցում Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասել էր.

«Անձը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմենի կինը՝ Լիլիթ Ամիրջանյանը, հայտնեց, որ դեպքի մասին իմացել է երեկոյան ժամը 7-ին:

«Ամուսինս բակերից մեկում կանգնած է լինում, որպեսզի նրան, ում սպասում է, գա, ու ինքը փաստաթղթեր փոխանցի, ընթացքում մեքենա է կանգնում, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում ամուսնուս հասցեին, ապա դանակը հանում է մեքենայից՝ կոկորդի կողմ բերելով: Ամուսինս հասցնում է թևով բռնել  դանակը, որ կոկորդը չվնասի: Այդ մարդը դիմում է փախուստի, ամուսինս ընկերոջն է հասցնում զանգել: Տանում են հիվանդանոց, հետո դուրս գրում: Քանի որ ամուսնուս ջերմությունը բարձրացել էր, զանգում եմ բժշկին՝ պահանջելով բացատրություն, թե ինչի՞ հիման վրա է թողել տուն, քանի որ բժշկական միջամտություն է տեղի ունեցել: Նա պատճառաբանում է, որ հիվանդն է ցանկացել:

Բայց ամուսինս եղել է դեղերի ազդեցության տակ, բժշկին ասում եմ՝ միգուցե շոկի տակ է եղել, չի հասկացել, թե ինչ է ասում, դուք պարտավոր էիք նրան ստորագրությամբ բաց թողնել՝ այսինքն, դուք առաջարկել էիք, նա հրաժարվել է: Հետո բժիշկն ասում է ամուսնուս, թե՝ դու չէիր կարող ջերմություն ունենալ: Շատ կասկածելի է բժշկի նման խոսքը, իսկ երեկոյան հանցագործությունը կատարողին բաց թողնելը: Չեմ ուզում սա քաղաքականացնել, քանի որ իրավիճակը պարզ չէ, բայց ամենը կապում եմ քաղաքական գռեհիկ մթնոլորտի, Ֆեյսբուքում մեկ տարի հնչող հայհոյանքների հետ՝ իմ հասցեին: Ամուսինս պասիվ է, ես ակտիվ եմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լիլիթ Ամիրջանյանը:

Փաստաբան Գայանեի խոսքով էլ՝  նյութերում առկա են քրեական գործ հարուցելու առիթը, հանցագործության հատկանիշները մատնանշող բոլոր բավարար հիմքերը, ուստի բերման ենթարկված անձը, նրա կարծիքով, պետք է ձերբակալված լիներ:

«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի խոսքով էլ՝ «Պետք է պարզել, թե ո՞վ է տվյալ մարդը, ի՞նչ կապեր ունի այլ քաղաքական ուժերի հետ,  այդ ո՞վ է, որ հանիրավի կարող է մարդուն դանակահարել Երևանի կենտրոնում՝ օրը ցերեկով, և ինչի՞ է վերածվել մեր քաղաքը, երբ իշխանությունները ռեյդեր են անում, գովերգում են, որ հասարակական անվտանգությունը պետք է առաջնային տեղում լինի,  ստացվում է,  որ իրենց կատարած քայլերից հետո քաղաքում նման դեպքեր  հնարավոր է տեղի ունենան»:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս