«Եթե Կառավարության նիստում է, եթե ԱԺ ամբիոնի մոտ է, այդ խոսքը պիտի լինի, այո՛, կանոնական…». Լեզվի կոմիտեի նախագահ
Մենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ուղարկել ենք նամակ-հորդոր, որտեղ մեր աշխատակցի նկատած հատկապես օտար բառերի մի ցանկ ենք գրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Անդրադառնալով պաշտոնյաների հայերենի իմացությանը՝ նա նշեց. «Չպիտի մոռանանք, որ մեր պաշտոնյաները հայերեն լավ գիտեն, եթե համեմատում ենք նախորդ շրջանի հետ»:
Լեզվի կոմիտեի նախագահը պաշտոնյաների հայերենի իմացության շուրջ հասարակական տեսակետների երկու մոտեցում առանձնացրեց. «Երկու մոտեցում կա (մենք նամակներ ենք ստանում, պատասխանում ենք) ասում են՝ ինչո՞ւ է այսինչ պաշտոնյան իր խոսքում «ա» գործածում «է»-ի փոխարեն, պահանջում են խիստ կանոնական հայերեն, մյուս թևն էլ ասում է, թե ժամանակները փոխվել են, լեզուն էլ է փոխվում, և այլն: Իմ մոտեցումը ո՛չ մեկի կողմն է, ո՛չ մյուսի, պիտի իմանալ՝ որտեղ՝ ինչ: Եթե Կառավարության նիստում է, եթե ԱԺ ամբիոնի մոտ է, այդ խոսքը պիտի լինի, այո՛, կանոնական, բայց եթե մարդն իր անձնական տիրույթում՝ սոցիալական ցանցում, գրառում է անում, այդ գրառումն անձնական է. ճի՛շտ է, նա դեր ունի, հասարակությունը նրան պաշտոնյա է ընկալում, բայց այստեղ վերահսկելիության չափը և մոտեցումը պիտի տարբեր լինի»:
Զարուհի Դիլանյան