Անոմալ տապ է հաստատվել Եվրոպայի երկրներում
Եվրոպայի երկրներում անոմալ տապ է հաստատվել, օդի ջերմաստիճանն առանձին երկրներում կարող է գերազանցել 40 աստիճանը: Այսպես, Մադրիդում մինչեւ շաբաթվա վերջը ջերմաստիճանը կհաստատվի 41 աստիճանի, Փարիզում, Բեռլինում եւ Հռոմում՝ 36-38 աստիճանի նշագծին:
Տապի բարձրակետն սպասվում է հունիսի 26-28-ին։
Ինչպես նշում են օդերեւութաբանները, բարձր ջերմաստիճանը մայր ցամաքի եվրոպական մաս են բերում քամու պոռթկումները Սահարայից: Ֆրանսիան նախազգուշացրել է վտանգի «նարնջագույն» մակարդակի մասին, իսկ իսպանացի օդերեւութաբանները երկիր եկող եղանակը որակել են «ինֆեռնալ»:
«Դժոխքային վիճակ է ստեղծվում»,-գրել է մադրիդյան @slaplana_tve օդերեւութաբանը: Մասնագետներն ընդգծում են, որ այդպիսի եղանակը կարող է հատկապես վտանգավոր լինել երեխաների, տարեց մարդկանց, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր ունեն թույլ իմունային համակարգ:
Ֆրանսիացի օդերեւութաբան Գիյոմ Վոզնիցան չի կասկածում, որ նոր ռեկորդը կսահմանվի արդեն հունիսի 27-ին. այդ օրը օդերեւութաբաններն սպասում են մինչեւ 45 աստիճան տաքություն: Բացի Ֆրանսիայից, հունիսյան տապի ազգային ռեկորդներ կարող են սահմանվել Ավստրիայում (ներկայում՝ ըստ Ցելսիուսի 38,6 աստիճան), Գերմանիայում (38,5), Շվեյցարիայում (37,2):
Ամենախիստ տապը նորագույն պատմության մեջ գրանցվել է Ֆրանսիայում՝ 2003 թվականին, երբ երկու ամսվա ընթացքում ռեկորդային ջերմաստիճաննների հետ կապված բարդացումների պատճառով մահացավ 15 հազար մարդ:, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: