28-ամյա երիտասարդը ձերբակալվել է` 25-ամյա աղջկա սպանության կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու սպանության դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ 17 փողոցի հարակից տներից մեկում Չարենցավան քաղաքի բնակիչը՝ ծնված 1990թ., սպանել է Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհուն և դիակը թաքցրել նշված տան խորդանոցում:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված տան զննությամբ հայտնաբերել 25-ամյա կնոջ դին՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած և բութ առարկայի ներգործության հետքերի վնասվածքներով:
Դեպքի առթիվ 2019 թվականի հունիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 25-ամյա աղջկան սպանելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: