Ուկրաինայում հուլիսի 1-ին կսկսվեն ԱՄՆ-ի հետ համատեղ Sea Breeze 2019 զորավարժությունները
Sea Breeze 2019 միջազգային ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները հուլիսի սկզբին կանցկացվեն Դանուբ գետում եւ Սեւ ծովում, ինչպես նաեւ ցամաքում եւ օդում: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:
«Հուլիսի 1-ին Ուկրաինայում կսկսվեն Sea Breeze 2019 ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները: Ավանդաբար դրանք կանցկացվեն ծովում, ցամաքում, օդում եւ ջրի տակ»,-տեղեկացրել է մամուլի ծառայությունը: Ծովային պահպանության տարածաշրջանային վարչության պետ Օլեգ Կոստուրի խոսքով՝ Դանուբ գետի վրա զորավարժություններկ կանցկացվեն Ռումինիայի հետ համատեղ:
«Նաեւ մենք Վրաստանի առափնյա պահպանության ուժերի ներկայացուցիչների հետ, Օդեսայի նավահանգիստ նրանց այցի ընթացքում, պլանավորել ենք համատեղ մի քանի մարզումներ-վարժանքներ»,-հավելել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Sea Breeze 2019 զորավարժությունները տեղի կունենան մինչեւ հուլիսի 12-ը՝ Սեւ ծովի հյուսիսարեւմտյան մասում՝ Նիկոլաեւի, Խերսոնի եւ Օդեսայի մարզերում: Sea Breeze 2019 բազմազգ զորավարժություններն Ուկրաինայում անցկացվում են 1997 թվականից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: