Իտալիայում ավելի քան 120 մարդ է ձերբակալվել մաֆիական գործունեության մեղադրանքով
Հունիսի 26-ին ավելի քան 120 մարդ է ձերբակալվել Իտալիայի տարբեր շրջաններում կամորա հզոր հանցավոր կազմակերպությանը մասնակից լինելու մեղադրանքով, որը բազավորված է Կամպանիա հարավիտալական մարզում: Այդ մասին լրագրողներին հայտնել են Նեապոլի դատախազության ներկայացուցիչները:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի լայնամասշտաբ գործողությունը լուսաբացին անցկացրել են կարաբինավորների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները:
Ինչպես հայտնի է դարձել, այդ գործի հետաքննությամբ համատեղ զբաղվում էին Մաֆիայի դեմ պայքարի վարչության, պետական ոստիկանության եւ ֆինանսական գվարդիայի ներկայացուցիչները: Այս անգամ հարվածի տակ են հայտնվել կամորայի՝ Կոնտինի, Մալարդո եւ Լիչարդի ազդեցիկ կլանները: Խուզարկությունների ընթացքում առգրավվել է շուրջ 130 մլն եվրո ընդհանուր գումարի ունեցվածք:
Ձերբակալված ելուզակները մեղադրվում են մաֆիական գործունեության, թմրանյութերի մաքսանենգության, ռեկետի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի «լվացման» եւ այլ ծանր հանցագործությունների մասնակցելու մեջ: Ստացված տեղեկատվության համաձայն, հետաքննության շրջանակում բացահայտվել են «պետական կառույցների գործունեությանը միջամտելու» փաստեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: