Թույլ չենք տալու մարդասպանների հերոսացման նոր դեպքեր. ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները վեհաժողովի ամառային նստաշրջանին զուգահեռ ընթացող հարակից միջոցառումների ընթացքում հակադարձել են ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության Տաթևիկ Հայրապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, բացի լիագումար նիստերում ընթացող բուռն քննարկումներից, պակաս դեբատային չէ նաև հարակից միջոցառումների (side-events) շրջանակներում:

«Այսպիսով, ադրբեջանցիների մասնակցությամբ կամ նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում կազմակերպվել էր երկու միջոցառում, որոնցից մեկը նվիրված էր Ադրբեջանում փախստականների և «ներքին տեղահանվածների» հարցերին, ևս մեկ միջոցառում՝ Արցախում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտներին: Երկու դեպքում էլ ադրբեջանական լրատվամիջոցներն իրականացնում էին լուսաբանում։ Միջոցառումներին ներկա եմ գտնվել նաև ես և հակադարձել ադրբեջանական պնդումներին»,-նշել է Տաթևիկ Հայրապետյանը։

Նրա տեղեկացմամբ, երեկ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակն էր խոսել, թե Ադրբեջանը ինչ քաղաքականություն է վարում փախստականների հարցում։ Բանախոսների թվում էր Ադրբեջանում փախստականների և «ներքին տեղահանվածների» հարցերով պետական կոմիտեի փոխնախագահ Ֆուադ Հուսեյնովը: Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ հիմնական շեշտադրումներն ուղղված էին ոչ թե փախստականների հանդեպ տարվող քաղաքականությունը ներկայացնելուն, այլ՝ Հայաստանի դեմ հերթական քարոզչական արշավն իրականացնելուն:

«Ի պատասխան՝ ես և Նաիրա Զոհրաբյանը, մերժելով Ֆուադ Հուսեյնովի ելույթի բովանդակությունն իր ամբողջության մեջ՝ որպես կեղծ և հակամարտության բնույթը խեղաթյուրող, շեշտեցինք, որ անթույլատրելի է նման միջոցառումների կազմակերպումը, որտեղ ներկայացվում է միայն ադրբեջանական կողմը, մինչդեռ հակամարտության մյուս կողմերը՝ Արցախը և Հայաստանն իրենց համապատախան պաշտոնյաներով ներկայացված չեն»,-նշել է Տաթևիկ Հայրապետյանը:

Երկու ադրբեջանցի դիվերսանտների հետ կապված միջոցառումը կազմակերպել էր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը: Ներկա էր նաև դիվերսանտներից մեկի որդին: Նրա տեղեկացմամբ՝ միջոցառմանը հուզական երանգ հաղորդելով՝ ներկայացրին նրանց հանդեպ ցուցաբերված իբրև թե դաժան վերաբերմունքը, Հայաստանի հասցեին հնչեցրին ստանդարտ մեղադրանքներ, ներկայացրին ստահոդ տեղեկություններ, ցուցադրեցին նաև տեսանյութ:

«Վերջում խոսք խնդրեցի և նշեցի, որ սա ոչ թե «մարդասիրական» գործ է, ինչպես ադրբեջանցիները ներկայացնում են, այլ՝ քրեական։ Շեշտեցի, որ անթույլատրելի են նման շահարկումները Եվրոպայի խորհրդում, անթույլատրելի են հանցագործներին հումանիտար համատեքստում ներկայացնելու փորձերը: Ներկաներին տեղեկացրի, որ դիվերսանտների գործողությունների հետևանքով 2 անձ է զոհվել, որոնցից մեկը՝ 17-ամյա պատանի, մեկ կին վիրավորվել է: Նշեցի, որ դրա հետ մեկտեղ Կարմիր խաչը մշտական մուտք ունի և պարբերաբար այցելում է նրանց: Հավելեցի, որ մենք թույլ չենք տալու մարդասպանների հերոսացման նոր դեպքեր և կոչ արեցի դադարեցնել մարդասպանների հերոսացումները և նոր «սաֆարովների» ստեղծումը: Եզրափակեցի՝ հորդորելով, որ մարդու իրավունքների խախտումներ փնտրեն սեփական երկրում, որտեղ դրանց պակասը չկա, քանի որ բազմաթիվ մարդիկ բանտերում են իրենց այլախոհ հայացքների պատճառով»,-հավելել է Տաթևիկ Հայրապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս