Կոնգրեսականներն առաջարկել են արգելել Թրամփին` ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ
Ամերիկացի կոնգրեսականներ Ռո Հաննան, Մեթ Հեթցը եւ Էնթոնի Բրաունն առաջարկել են ուղղում մտցնել ԱՄՆ-ի ռազմական բյուջեում, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա ֆինանսական միջոցներն օգտագործել առանց Կոնգրեսի հավանության Իրանին հարված հասցնելու համար։
«Նախագահ Թրամփը միտումնավոր ու հապճեպորեն մեզ տանում է Իրանի հետ հակամարտության, ինչը հղի է Մերձավոր Արեւելքում նոր պատերազմի սանձազերծմամբ»,- ասված է Բրաունի հայտարարության մեջ: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի ռազմավարությունը հանգում է այն բանին, որ Իրանը բերվի բանակցությունների սեղանի շուրջ եւ նրան հնարավորություն չտրվի միջուկային զենք ստանալ: Բրաունի կարծիքով, Թրամփի կողմից ստեղծված մթնոլորտում այդ մասին մոռացել են ինչպես կոնգրեսականները, այնպես էլ սովորական ամերիկացիները: Հաննան նշել է, որ անցած շաբաթ Թրամփը Իրանին հարվածը կանգնեցրեց դրանից մի քանի րոպե առաջ:
Այդ հարվածը ԱՄՆ-ին կներքաշեր «տրիլիոն դոլար արժողությամբ եւս մեկ պատերազմի մեջ Մերձավոր Արեւելքում»՝ հակառակ նախագահի նախընտրական խոստումների, հավելել է նա: Հեթցի հայտարարության մեջ ասված է, որ «ոչ սահմանադրական, անվերջ պատերազմները Մերձավոր Արեւելքում ոչ թե ուժեղացնում, այլ ավելի են թուլացնում Ամերիկան»:
Նա ընդունել է, որ Միացյալ Նահանգները պետք է ուժ դրսեւորի Իրանի նկատմամբ, բայց ռազմական ցանկացած գործողության վերաբերյալ որոշումը պետք է ընդունի Կոնգրեսը սահմանադրական հիման վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: