«Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ կապված մեր կողմից ինչ-որ զիջումների հետ, և այդ ճանապարհին իրենց խանգարում է բացառապես ՍԴ-ը». Նարեկ Մալյան

Սա նախազգուշական միջոցառում էր իշխանությունների համար: Վաղը ժամը 16:00-ին նորից հավաքվելու ենք այստեղ՝ մեր աջակցությունը հայտնելու պետական կառույցներից միակ չօկուպացվածին: Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը և ակցիայի մասնակիցների հետ  երթով շարժվեց դեպի Ազգային ժողով։

«Նրանք այլևս չունեն հանրային աջակցություն, ինչ ունեին մեկ տարի առաջ։ Եկել ենք այդ մասին տեղյակ պահենք այս մարդկանց։ Եթե վաղը տեսնեմ իրենց բուծած խուլիգանախմբից թեկուզ մի հոգի, թեկուզ կես հոգի՝ պառկած, մոստ իջած վիճակում, մարդասպան ահաբեկիչների խմբից ինչ-որ մեկի, բանկոմատի թալանչիներին, ուղղակիորեն իշխանության կողմից բուծված որևէ խուլիգանի՝ Սահմանադրական դատարանի դիմաց, եթե իշխանության ներսում չի հաղթի ողջախոհությունը, վաղվանից կանցնենք պերմանենտ ակցիաների ՍԴ-ի դիմաց, որպեսզի ապահովենք կարևորագույն պետագույն կառույցի աշխատանքը։ Եթե ոստիկանությունը չի կատարում օրենքով նախատեսված գործառույթները, ստիպված հանրությունը պետք է իր ձեռքը վերցնի ու անի»,- ԱԺ-ի մոտ հայտարարեց Ն.Մալյանը՝ հավելելով, որ պատրաստ են անհատական և խմբակային բանակցությունների։

Լրագրողների հարցին, թե՝ անհատական բանակցություններ ասելով՝ արդյո՞ք կանխատեսում է պառակտում իշխող քաղաքական ուժի ներսում, Ն. Մալյանը պատասխանեց. «Այո, շատ մարդու ճանաչում եմ «Իմ քայլը» դաշինքից, չեմ կարծում, որ էնտեղ բոլորը ցանկանում են կիսել պետական դավաճանի կարգավիճակը»։

Ի դեպ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիրը տեղեկություններ հայտնեց նաև վաշինգտոնյան հանդիպման մասին. «Ես այսօր ստացել եմ տեղեկություն, որ Մամեդյարով և Մնացականյան հանդիպման ընթացքում ձեռք են բերվել արդեն որոշակի պայմանավորվածություններ՝ կապված մեր կողմից ինչ-որ զիջումների հետ, և այդ ճանապարհին իրենց խանգարում է բացառապես Սահմանադրական դատարանը. նրանց համար շատ կարևոր է, որ ՍԴ-ում ունենան ՀՔԾ-ի կամակատարին, ՀՔԾ-ի գրպանային փաստաբանին ….»։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս