«Ավտոշարասյունը շարժվում է դեպի նախարարություն. բոլորին կոչ ենք անում միանալ մեզ». Վրաստանում ավտոերթ է անցկացվում
Տասնյակ ավտոմեքենաներ են ուղղվում դեպի Վրաստանի ներքին գործերի նախարարության շենք՝ պահանջելով գերատեսչության ղեկավար Գեորգի Գախարիայի պաշտոնաթողությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Մենք բռնել ենք ազգային դրոշներ եւ աղմկում ենք, որպեսզի մեր ձայնը լսելի լինի: Ավտոշարասյունը շարժվում է դեպի նախարարություն: Բոլորին կոչ ենք անում միանալ մեզ»,- գործակալությանն հայտնել է վարորդներից մեկը:
Վրացական հեռուստաընկերությունների տվյալներով, որոնք կադրեր են հեռարձակում ուղիղ եթերով, շարասյան հետեւից շարժվում են պարեկային ոստիկանության բրիգադները, ընդ որում՝ ՆԳ նախարարության շենքի մոտ իրավապահներ չկան: ՆԳ նախարարի հրաժարականը ցուցարարների պահանջներից մեկն է, որոնք հունիսի 20-ից բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիում:
Հանրահավաքի մասնակիցներն այն կարծիքին են, որ Գախարիան պատասխանատվություն է կրում հատուկ նշանակության ուժերի գործողությունների համար, որոնք ցրեցին հանրահավաքը բողոքի առաջին օրը, ինչի հետեւանքով տուժեցին հարյուրավոր մարդիկ: