«Չեմ զարմանա, եթե Փաշինյանն առավոտյան արթնանա և որոշի, որ ինքն արդեն Տիգրան Մեծն է». Շարմազանով
Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունն ամփոփելիս հայտարարեց, որ Կառավարությունն իր աշխատանքը փայլուն է կատարել։
ԱԺ նախկին փոխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ ասաց, որ իր բերած փաստերն այլ բանի մասին են խոսում։
Առաջինը՝ նա հիշեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է: Ըստ Շարմազանովի՝ հարց է առաջանում՝ որտե՞ղ են տեսել ժողովրդավարական բաստիոն, որտեղ արգելափակում են դատարանների մուտքերը, և դա արվում է պետության ղեկավարի կողմից։
«Որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության բաստիոն, երբ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ դատավորն իրեն ինքնահռչակում է ՍԴ նախագահ, սա քաղաքական սամազվանեցություն» է, պատմության մեջ նմանները եղել են։ Եթե տվյալ անձն իրեն «իշխանության լուռ համաձայնությամբ հռչել է ՍԴ նախագահ, ապա չեմ զարմանա, եթե այսօր Նիկոլ Փաշինյանն առավոտյան արթնանա և սուրճը խմելուց հետո որոշի, որ ինքն արդեն Տիգրան Մեծն է։ Կարծում եմ՝ ամեն ինչ չափ ու սահման պետք է ունենա»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգությանը՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, այդ ոլորտում գործերն ընդհանրապես չեն փայլում։ Նա հիշեցրեց, որ նախորդ տարի վարչապետը հայտարարում էր, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մնա Հայաստանի ներկայացուցչին, սակայն մեկ տարի անց պարզվեց, որ Հայաստանի ներկայացուցչի հարցը չեն էլ քննարկել, փոխարենը՝ մեկ տարի հետո պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։
Էդուարդ Շարմազանովը ձախողում է համարում նաև փետրվարի վերջին Իրան կատարած այցի ընթացքում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված օտարերկրյա գործակալների հետ։
«Նույն օրը Փաշինյանից և ուժային կառույցներից պահանջեցի ներկայացնել օտարերկրյա գործակալների անունները և, դրան զուգահեռ՝ իրականացնել կոնկրետ միջոցառումներ։ Եթե իմ երկրում վխտում են օտարերկրյա գործակալները, ինչպես ասում է վարչապետը, և ուժային կառույցները և երկրի ղեկավարը ոչինչ չեն անում, սա կամ քաղաքական անմեղսունակություն է կամ քաղաքական ջրիկություն»,-շեշտեց է. Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան