Բրիտանացի գիտնականներն ստեղծել են նոր տիպի համակարգչային հիշողություն՝ գերցածր էներգասպառմամբ
Լանքասթերի համալսարանի գիտնականներն ստեղծել ու պատենտավորել են համապիտանի համակարգչային հիշողություն, որն աշխատում է քվանտային մեխանիկայի սկզբունքներով եւ օժտված է ռեկորդային ցածր մակարդակի էներգասպառմամբ: Այդ մասին հաղորդվում է համալսարանի կայքում:
Սպասվում է, որ հայտնագործությունը կարող է փոխարինելու գալ DRAM դինամիկ հիշողության ավանդական սարքերին, որոնք այսօրվա դրությամբ օգտագործվում են համակարգիչների եւ ֆլեշ-կուտակիչների մեծամասնության մեջ: Նոր սարքը զուգակցում է երկու տեխնոլոգիաների առավելությունները, ներառյալ տեղեկատվության գրանցման եւ ընթերցման մեծ արագությունը եւ դրա պահպանման հուսալիությունը:
Դրա հետ մեկտեղ մշակողներին հաջողվել է լուծել ավանդական հիշասարքերի խնդիրները. համակարգչային հիշողության նոր տիպի համար տեղեկատվության պահպանման ժամանակը գերազանցում է Տիեզերքի տարիքը, իսկ տվյալների գրանցումն ու հեռացումը հարյուր անգամ պակաս էներգիա կպահանջի DRAM-ի նույն այդ գործընթացների ծախսերի համեմատությամբ:
Տեխնոլոգիան կօգտագործվի ժամանակակից բոլոր գաջեթներում՝ շարժական սարքերից ու անհատական համակարգիչներից մինչեւ սերվերներն ու «մեծ տվյալների» պահպանման համակարգերը: Գիտնականների գնահատումներով՝ նոր տիպի համակարգչային հիշողությունը թույլ է տալիս տվյալների մշակման կենտրոններում առավելագույն էներգասպառումը նվազեցնել առնվազն 20 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: