Պատերազմներից ու բռնաճնշումներից փախած մարդկանց թիվն աշխարհում գերազանցել է 70 միլիոնը. ՄԱԿ
Իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց թիվն աշխարհում 2018 թվականին ավելացել է 2,3 միլիոնով եւ գերազանցել 70 միլիոնը, ինչը նոր ռեկորդ է դարձել: Այս տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ)՝ հունիսի 19-ին Ժնեւում հրապարակված տարեկան զեկույցում, որը կրում է «Գլոբալ միտումներ» խորագիրը:
«Հարկադիր վերաբնակների գլոբալ թվաքանակը 2018 թվականին ավելացել է 2,3 միլիոնով: Տարեվերջին աշխարհում նրանց թիվը կազմել է գրեթե 70,8 միլիոն, ինչը դարձել է հետապնդումների, հակամարտությունների, բռնության եւ մարդու իրավունքների խախտումների հետեւանքը»,-նշում են զեկույցի հեղինակները, ընդգծելով, որ խոսքը «ռեկորդային բարձր» թվերի մասին է:
Անցյալ տարվա վերջին աշխարհում կար 25,9 միլիոն փախստական, 41,3 միլիոն ներքին վերաբնակներ եւ 3,5 միլիոն ապաստան խնդրողներ: Ընդ որում՝ բոլոր փախստականների երկու երրորդը հինգ երկրների քաղաքացիներ են՝ Սիրիայի (6,7 մլն), Աֆղանստանի (2,7 մլն), Հարավային Սուդանի (2,3 մլն) եւ Սոմալիի (0,9 մլն): Ընդունող երկրների թվում առաջին տեղում Թուրքիան է (3,7 մլն), որին հաջորդում են Պակիստանը (1,4 մլն), Ուգանդան (1,2 մլն), Սուդանը (1,1 մլն) եւ Գերմանիան (1,1 մլն):
10 տարվա ընթացքում իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց թիվն աշխարհում ավելացել է 27,3 միլիոնով: Հիմնական պատճառներից մեկը դարձել է Սիրիայի հակամարտությունը: Սակայն իրենց լուման են ներդրել նաեւ Իրաքի, Եմենի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության եւ Հարավային Սուդանի հակամարտությունները, ինչպես նաեւ ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների զանգվածային փախուստը Մյանմայից ու Բանգլադեշից: 2018 թվականին համաշխարհային թվերն աճել են գլխավորապես Եթովպիայի հաշվին, որտեղ ներքին վերաբնակները կազմել են 1,5 միլիոն մարդ, ինչպես նաեւ Սիրիայի ու Վենեսուելայի հաշվին:
Հարկադիր վերաբնակներն առավել մեծ թիվ են կազմում սիրիացիների շրջանում՝ 13 մլն, հաշվի առնելով փախստականներին, ներքին վերաբնակներին եւ ապաստան խնդրողներին: Տարեցտարի աճում են ոչ միայն բացարձակ թվերը, այլեւ հարազատ վայրերից հարկադրաբար հեռացածների բաժինը համաշխարհային ազգաբնակչության մեջ: Տասը տարի առաջ համամասնությունը կազմում էր 1 առ 160, 2017 թվականին՝ 1 առ 110, իսկ 2018-ին՝ 1 առ 108:
«Այս թվերը հերթական անգամ հաստատում են այն մարդկանց թվի աճի երկարաժամկետ միտումը, որոնք պատերազմներից, հակամարտություններից եւ հետապնդումներից պաշտպանվելու կարիք ունեն»,- զեկույցի հրապարակման կապակցությամբ հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին: Նա շնորհակալություն է հայտնել փախստականներին ընդունող համայնքներին «մեծահոգության եւ համերաշխության» համար՝ համաշխարհային հանրակցությանը կոչ անելով ընդլայնել օգնությունը «հազարավոր անմեղ մարդկանց, որոնք հարկադրաբար փախչում են իրենց տներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: