«Սարքը խիստ թանկարժեք է, և այդքան փող Հայկ Համբարձումյանը չէր կարող ունենալ». Արտաշատի ԲԿ-ն հերքում է պահանջում
Արտաշատի բժշկական կենտրոնն (ԲԿ) արձագանքել է մեր հրապարակմանը, որտեղ խմբագրություն այցելած քաղաքացու փոխանցած տեղեկատվության հիման վրա գրել էինք նույն ԲԿ-ի նորանշանակ ղեկավար Հայկ Համբարձումյանի «նախաձեռնած բիզնես գործունեության և դրա ապօրինի հիմքերի» մասին:
Խոսքը Հայկ Համբարձումյանի կողմից իր իսկ գլխավորած պետական ԲԿ-ում սեփական բուժզննման կետը բացելու մասին է: Խմբագրությանը փոխանցված տեղեկությանը հղում անելով՝ գրել էինք, որ Հայկ Համբարձումյանն իր գլխավորած ԲԿ-ի առաջին հարկը զավթել է 2019թ. մարտից, տեղադրել է այնտեղ իր կողմից ձեռք բերված՝ 2019թ. արտադրության «Սիմենս» ապրանքանիշի համակարգչային շերտավորման տոմոգրաֆիայի սարքավորումը և հիվանդանոցի տարածքի հաշվին՝ կողքից լրացուցիչ եկամտի աղբյուր է ստեղծել մասնավոր շահի համար:
Նշվում էր նաև, որ պետգույքի հաշվին նրա ծավալած բիզնես գործունեությունն առանց թուղթ ու թանաքի է արվել, չկա տարածքի վարձակալության պայմանագիր:
Մեզ դիմած ԲԿ-ի իրավաբան Արմեն Թևոսյանը հերքում է մեր կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ նշելով, որ հետազոտական սարքը կա, և այն տեղադրված է ի սկզբանե նպատակային կառուցված ԲԿ-ի հատուկ տարածքում:
Պարոն Թևոսյանն իր հետ բերված պայմանագրի նմուշով, սարքի շահագործման թույլտվության լիցենզիայով՝ փորձում է հիմնավորել, որ գործարքի հիմքում բացակա փաստաթղթերի մասին հեղինակի պնդումը տեղին չէ, գործարքն արված է 2019-ի մայիսի 2-ի դրությամբ, իսկ վարձակալության պայմանագիրը կնքված է ԲԿ ղեկավար Հայկ Համբարձումյանի և վարձատուի՝ Ավետիք Պողոսյանի միջև:
Իրավաբանը պնդում է, որ հետազոտող սարքը ԲԿ ղեկավարինը չէ, այն պատկանում է իրեն ոչ հայտնի մի անհատ ձեռնարկատիրոջ՝ «Ա. Պողոսյան» ՍՊԸ-ին: Իսկ թե ո՞վ է տվյալ անձը, ի՞նչ կապ ունի Հայկ Համբարձումյանի հետ, իրավաբանը տեղեկություններ չունի: Նախկին տնօրերների հետ աշխատած Թևոսյանին չի զարմացնում այն, թե այդ ինչպես ստացվեց, որ նույն առաջարկը ձեռնարկատերը չի արել ԲԿ նախկին ղեկավարներին և այսօր հայտնվել է ճիշտ պահին՝ ճիշտ տեղում և իր գործարքն է առաջարկել նորանշանակ Հայկ Համբարձումյանին:
Ամեն դեպքում Հայկ Համբարձումյանի անձնական գործոնն իրավաբանը բացառում է լրիվ, անհատ ձեռնարկատիրոջ հետ տնօրենի փոխկապակցված լինելու վարկածը ևս հերքում է կտրականապես, սակայն, միայն էմոցիոնալ պնդումներ վկայակոչելով, փաստական հիմքեր չունի: Ասում է՝ սարքը խիստ թանկարժեք է, և այդքան փող Հայկ Համբարձումյանը չէր կարող ունենալ: Ընդ որում, իրավաբանն այս պնդումն անում է մի մարդու մասին, ով Արտաշատի կենտրոնում վաղուց իր սեփական բարձրակարգ կլինիկան ունի, հետևապես՝ ֆինանսական կարողությունների մասին նրա պնդումները կարող էին, մեղմ ասած, այնքան էլ համոզիչ չլինել:
ԲԿ իրավաբանը հանձնարարություն ուներ կամ իր պարտքը համարեց հերքել նաև այն, որ Հայկ Համբարձումյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի «լյուբիմչիկն» է, և, որ նրան արտոնված է ամեն բան, իր գործունեության մեջ անկաշկանդ դրսևորումներ, ինչպիսին, օրինակ, վերջին դեպքը կարող էր լինել՝ մասնավոր բիզնես՝ իր գլխավորած պետական կառույցի հաշվին:
Նշենք, որ նորաբաց հետազոտական կենտրոնի սպասարկման եկամուտը չկա, առանձին հաշվապահություն գոյություն չունի, հետազոտված անձանց փողերը մտնում են ԲԿ-ի հաշվապահության մեջ, հետազոտվող անձանց մուտք արած փողերի թափանցիկության, հարկվելու մասին մեր հարցը նյարդայնացրեց իրավաբանին:
«Դուք հո հարկայինից չե՞ք, ի՞նչ իրավունք ունեք նման փաստեր պահանջել»,- նեղսրտած պոռթկաց իրավաբանը և համարեց, որ մարզպետարանի ենթակայությամբ գործող ԲԿ-ի փողերի մասին տեղեկանալը ոչ մեր, և ոչ էլ իր իրավասությունը չէ (այս կարծիքին է պետական ԲԿ-ի իրավաբանը,- Ս.Բ.):
Իսկ ինչո՞ւ օտարի բիզնեսի համար առանձին հաշվապահության չունենալ և ՀԴՄ կտրոններով չֆիքսել մատուցվող ծառայությունների գումարների ելումուտը. սրա բացատրությունն իրավաբանը չունի, ասաց՝ պայմանագիրն է այդպես կնքվել: Որքա՞ն եկամուտ է մինչ օրս սարքը վաստակել և մուտք արվել ԲԿ բյուջե, այս հարցը պատասխանը ևս չուներ, նշեց, թե փողի չափը չգիտի, որովհետև քիթը չի խոթում ԲԿ-ի հաշվապահի գործառույթների մեջ:
Նա հայտնեց, որ ծառայությունից ստացված գումարներն առայժմ ԲԿ-ին կմնան, պայմանագիրն է այդպես, մինչև օգոստոսի երկուսը սարքը կշահագործվի ԲԿ-ին լրացուցիչ եկամուտներ ապահովելու համար, դրանից հետո՝ 70 /30 տոկոս հարաբերակցությամբ, եկամտի համախառն արդյունքը կբաժանվի համապատասխանաբար՝ սարքի տիրոջ և ԲԿ-ի միջև:
Հերքման պահանջով դիմած իրավաբանը պնդում է, որ այս հետազոտական կենտրոնի գոյությունը նվեր է մարզին, և պետք էր իրադարձությունն ընկալել բացառապես այդ դիտանկյունից, տակը կրիմինալ չփնտրել և ցնծալ մարզի բնակչության համար, ինչն արել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և մարզպետ Գարիկ Սարգսյանը, երբ ներկա են գտնվել անծանոթ ձեռնարկատիրոջ բիզնեսի համար շահագործվող՝ հետազոտման սարքի գործարկման բացման հանդեսին:
Անշուշտ, և՛ 168.am-ին ինֆորմացիան փոխանցողը, և՛ մենք ուրախ ենք այն բանի համար, որ մարզի բնակչությունն ունի իրեն մոտ տարածքում հետազոտվելու հնարավորություն, և կողջունեինք, եթե նաև ծառայությունը մատուցվեր բնակչությանը մատչելի գներով: Սակայն ձեռնարկատիրոջ բիզնեսի համար, այսպես ասած՝ ծափ տալու իմաստը չենք տեսել, ինչպես պաշտոնյաները, քանի որ մատչելի ծառայությունների մասին տեղեկատվություն չունենք:
Հուսանք՝ դրա անհրաժեշտությունը կլինի օգոստոսին կնքվող պայմանագրից հետո, երբ շերտավոր գերժամանակակից տոմոգրաֆիայի հետազոտություն անցնելն իրապես հասանելի և մատչելի կլինի գյուղերի բնակչության համար:
Սյուզի Բադոյան
Հ.Գ. Արտաշատի ԲԿ ղեկավար Հայկ Համբարձումյանի կողմից՝ իր սեփականությունը համարվող համակարգչային շերտավորման հետազոտական սարքը վարձակալության կեղծ պայմանագրով ԲԿ-ի շահագործելու մասին մեզ փոխանցված հաղորդագրությունը փոխանցվել էր նաև ՀՀ գլխավոր դատախազություն:
ՀՀ Գլխավոր դատախազությունից այս առնչությամբ նախապատրաստվող նյութերի մասին 168.am-ին փոխանցեցին հետևյալը.
««Արտաշատ» ԲԿ-ի հետ կապված՝ հաջորդաբար ստացվել է առերևույթ հանցագործության մասին հաղորդում: Նյութերի նախապատրաստման հիմք է հանդիսացել նախ մարզի դատախազություն ստացված անանուն հաղորդումը, այնուհետև նույնաբովանդակ հաղորդումը՝ ստացված Ազդարարի էլեկտրոնային հարթակի միջոցով, որը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Արարատի մարզի դատախազություն՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարություն տալու ցուցումով: Այն վերաբերել է «Արտաշատ» ԲԿ վերոնշյալ տարածքում գործող տնօրենի կողմից իր սեփականության համակարգչային շերտավորման սարքը վարձակալության կեղծ պայմանագրով շահագործելուն: Նյութերի նախապատրաստման ընթացքում այս երկու հաղորդումներում ներկայացված հանգամանքները չեն հաստատվել, հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ ձեռք չեն բերվել, ինչի պատճառով հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել»: