
Մահացել է ՏԱՍՍ-ի նախկին գլխավոր տնօրեն Լեոնիդ Զամյատինը

97 տարեկան հասակում վախճանվել է խորհրդային պետական եւ հասարակական-քաղաքական գործիչ, դիվանագետ Լեոնիդ Զամյատինը, որը 1970-ական թվականներին գլխավորել է ՏԱՍՍ-ը: Այդ մասին ասված է Ռուսաստանի ԱԳ նախարարության՝ հունիսի 20-ին տարածված հաղորդագրության մեջ:
«ՌԴ արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ հունիսի 19-ին կյանքի 98-րդ տարում մահացել է ԽՍՀՄ պետական եւ հասարակական-քաղաքական նշանավոր գործիչ, պաշտոնաթող արտակարգ եւ լիազոր դեսպան Լեոնիդ Միտրոֆանի Զամյատինը, որն իրեն Հայրենիքին ծառայելուն էր նվիրել արտաքին քաղաքական ուղղությամբ »,-նշվում է փաստաթղթում:
Զամյատինը ՄԱԳԱՏԷ-ին առընթեր ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչն էր 1959-1960 թվականներին, 1970-1978 թվականներին զբաղեցրել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, 1978-1986 թվականներին ղեկավարել է ԽՄԿԿ Կենտկոմի տեղեկատվության բաժինը: 1986-ից մինչեւ 1991 թվականը ԽՍՀՄ-ի դեսպանն էր Մեծ Բրիտանիայում, Լենինյան մրցանակի դափնեկիր է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: