Գիտենք, որ ԱԻԿ-ը սկանդինավյան պետություններին բնորոշ ուժային ֆուտբոլ են դավանում. Վարդան Մինասյան
Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի մրցակից շվեդական ԱԻԿ-ին համարում է ուժեղ ֆուտբոլ դավանող թիմ:
Ակումբի մամուլի ծառայությունը խոսել է մարզչի հետ: «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` առաջիկա մրցակցի, թիմի պատրաստվածության և տրանսֆերների մասին:
-Ի՞նչ կասեք վիճակահանության արդյունքի մասին:
– Դեռ խորությամբ չենք ուսումնասիրել մրցակցին, բայց գիտենք, որ սկանդինավյան պետություններին բնորոշ ուժային ֆուտբոլ են դավանում: Պետք է շատ ուշադիր լինենք մանրուքներին և ուսումնասիրենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, որ հասկանանք ինչ ֆուտբոլ են խաղում: Կարող եմ ասել, որ ուժեղ թիմ է և եվրոգավթներում հանդես գալու փորձ ունի: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ և անել մեր առավելագույնը առաջիկա երկու հանդիպումներում:
–Թիմն ինչպե՞ս արձագանքեց, երբ իմացավ ում հետ եք մրցելու:
– Մեր տղաների հետ մի փոքր ավելի ուշ կզրուցենք մրցակից թիմի մասին: Հիմա ուսումնասիրում ենք նրանց և Բելառուսի ուսումնամարզական հավաքի ժամանակ մեր թիմին կներկայացնենք մրցակցի կազմը, թե ինչ սխեմայով են խաղում և ինչ ուժեղ և թույլ կողմեր ունեն:
-Ի՞նչ կասեք թիմի տրանսֆերների մասին, համալրումներ սպասվո՞ւմ են:
– Մի քանի խաղացողներ արդեն հեռացել են թիմից, որոնցից երկուսին ես կուզենայի տեսնել թիմում: Արդեն երկու նորեկներ ունենք, բայց աշխատում ենք ևս մի քանի ֆուտբոլիստ հրավիրել: Ակումբի մամուլի ծառայությունը շուտով կտեղեկացնի մեր տրանսֆերների մասին:
–Պատմեք ձեր առաջիկա անելիքների և նպատակների մասին:
– Մեկ շաբաթ է Հանքավանում մարզումներ ենք անցկացնում, որից հետո երկու օր հանգիստ ենք ունենալու Երևանում և մեկնելու ենք Բելառուս ուսումնամարզական հավաքի: Այնտեղ անցկացնելու ենք երեք ընկերական հանդիպում: Այժմ մեր հիմնական նպատակը առաջիկա երկու հանդիպումներում լավագույնս հանդես գալն է:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա»-ն իմացավ իր մրցակցին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: Շվեյցարական Նիոն քաղաքում կայացած վիճահանությունում հայկական «Արարատ-Արմենիա» ակումբին բաժին ընկավ շվեդական ԱԻԿ-ը: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 9-ին և 10-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 16-ին և 17-ին: