Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսում խնդրել են Facebook-ին հետաձգել գաղտնարժույթի թողարկումը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ֆինասնական ծառայությունների կոմիտեի նախագահ Մաքսին Ուոթերսը խնդրել է Facebook ընկերությանը հետաձգել սեփական Libra գաղտնարժույթը շրջանառության մեջ դնելը, ինչը նախատեսված է 2020 թվականին, այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի օրենսդիրներն ու կարգավորիչները չեն ավարտել համապատասխան ստուգումները: Այդ մասին ասված է Ուոթերսի՝ հունիսի 18-ին տարածված հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով ընկերության խնդրահարույց անցյալը, ես խնդրում եմ Facebook-ին համաձայնել գաղտնարժույթի մշակման գործում առաջխաղացման բոլոր քայլերի նկատմամբ մորատորիում սահմանելուն, քանի դեռ Կոնգրեսն ու կարգավորիչները հնարավորություն չեն ունենա ուսումնասիրել այդ հարցերը եւ միջոցներ ձեռնարկել»,- նշել է նա: Ուոթերսը նաեւ ընդգծել է, որ ընկերության ղեկավարները պարտավոր են ելույթ ունենալ Կոնգրեսի՝ Libra-ին նվիրված լսումներում: Նրա խոսքով՝ Facebook-ը «քանիցս քամահրանք է դրսեւորել օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության եւ շրջահայաց օգտագործման նկատմամբ»:

Ինչպես ասված է հունիսի 18-ին Facebook սոցիալական ցանցի բլոգում հրապարակված հաղորդագրության մեջ ամերիկյան ընկերությունը պլանավորում է Libra սեփական գաղտնարժույթը շրջանառության մեջ դնել 2020 թվականին: Libra-ի օգտագործմամբ գործարքավարություններ իրականացնել կարելի կլինի Facebook Messenger, WhatsApp ծառայությունների, ինչպես նաեւ այս պահին մշակվող հատուկ հավելվածի միջոցով: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ թվային արժույթի փոխանցում անելը նույնքան հեշտ կլինի, որքան «տեքստային հաղորդագրությունը հեռախոսին ուղարկելը»:

Ինչպես ընդգծում է Facebook-ը, նոր արժույթի գործառումը հիմնված կլինի բլոկչեյնի՝ տվյալների ապակենտրոնացված պահոցի տեխնոլոգիայի վրա, որի տեղեկատվությունը պահելու սարքերը միացված չեն ընդհանուր սերվերին: Անցյալ շաբաթ The Wall Street Journal թերթը հայտնել է, որ ԱՄՆ-ի մի շարք խոշորագույն ընկերություններ, ներառյալ Visa-ն, Mastercard-ը, PayPal-ը եւ Uber-ը, մտադիր են 10-ական միլիոն դոլար ներդնել այն կոնսորցիումի ստեղծման գործում, որը «կիրականացնի» Facebook-ի կողմից ստեղծվող «գաղտնարժույթի կառավարումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս