27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի փետրվարի 6-ին` ժամը 23։20-ի սահմաններում, առերևույթ հանցագործությունը կատարած անձը, քարի գործադրմամբ դիտավորությամբ հարվածել և կոտրել է Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայում գործող բջջային հեռախոսների խանութի մուտքի ապակյա դուռը, ապօրինի մուտք գործել սրահ և հափշտակել տարբեր մոդելի բջջային հեռախոսներ՝ պատճառելով խոշոր չափերի` 1.510.000 ՀՀ դրամի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ու 185-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: