
Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ բարձրորեն գնահատելով ծառայության ընթացքում Հայաստանի և Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած վերաբերմունքը և ոգին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ դեսպանատան և Մայր Աթոռի միջև հարաբերությունները մշտապես եղել են ջերմ և բարեկամական:
Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձ է կատարել հայ-գերմանական հարաբերությունների զորացման գործում ներդրվող ջանքերին, ինչպես նաև Գերմանիայի հայոց թեմին:
Իր հերթին դեսպանը նշել է, որ տպավորված է Հայաստանով և նրա հարուստ մշակույթով: Պրն. Քիսլերը իր շնորհակալությունն է հայտնել Նորին Սրբությանը գործակցության համար` գոհունակությամբ հավելելով, որ պաշտոնավարման ընթացքում Գերմանիայից ժամանած բազում պատվիրակություններ է առաջնորդել Մայր Աթոռ: Գերմանիայի դեսպանը կարևոր է համարել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներդրումը միջեկեղեցական կապերի զորացման գործում:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: