
ԱԺ պատգամավորը կոչ է անում Ադրբեջանին հայկական կողմի խաղաղասիրությունը չշփոթել թուլության հետ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը պաշտոնական Բաքվին հիշեցնում է, որ պետք չէ փորձել հայկական կողմի խաղաղասիրությունը շփոթել թուլության հետ և խոսել սպառնալիքի լեզվով: Հայրապետյանն այս մասին ասաց Ազգային ժողովի հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով վերջերս Արցախա-ադրբեջանական շփման գծում նկատվող լարվածությանը և առաջիկայում Վաշինգտոնում ԱԳ նախարարների հերթական հանդիպմանն ընդառաջ Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարություններին:
«Այն, որ տարիներ շարունակ Բաքուն փորձել է լարել իրավիճակը հանդիպումներից առաջ, կարծում եմ՝ նորություն չէ: Այնուամենայնիվ, կուզեի այդ ամբիոնից հերթական անգամ հիշեցնել պաշտոնական Բաքվին, որ չփորձեն մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով, չփորձեն չհարձակվելը ներկայացնել որպես զիջում, չփորձեն մեր խաղաղասիրությունը շփոթել թուլության հետ»,-ասաց Հայրապետյանն ու կոչ արեց վերադառնալ կառուցողական և բանակցային դաշտ:
Այսքանով պատգամավորը խաղաղություն մաղթեց բոլորին և բարի ու անփորձանք ծառայություն՝ բոլոր զինծառայողներին: