
«Եթե Արգենտինան պարտվում է, մեղավոր է Մեսսին». Ֆալկաո

Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն Ամերիկայի գավաթի խաղարկությունում Արգենտինայի և Կոլումբիայի միջև հանդիպումից հետո հանդես եկավ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին ուղղված աջակցության խոսքերով: Ամերիկայի գավաթի առաջին խաղում Կոլումբիան 2:0 հաշվով հաղթել է Արգենտինային:
«Եթե Մեսսին գոլ խփի, անպայման կասեն, թե ինչու նա երկու գոլ չխփեց: Եթե նա անի գոլային փոխանցում, անպայման կասեն, թե ինչու նա ավելի շատ փոխանցումներ չի անում:
Եթե նա շատ լավ խաղա, անպայման կասեն, թե պաշտպաններն էին թույլ: Եթե նա խփի գոլ տուգանային հարվածից, ապա կասեն, թե պատն էր սխալ կառուցված: Եթե Արգենտինան պարտվում է, մեղավոր է Մեսսին:
Նման գին դու վճարում ես, երբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն ես»,- ասել է Ֆալկաոն:
Սիրարփի Աղաբաբյան