
«Ինչքան էլ հարգեմ պարոն Գրիգորյանի մասնագիտական գիտելիքները, նրա անձը, անցած ճանապարհը, ես և իմ գործընկերներից շատերը չեն կարող անտեսել օրենքի պահանջը»

Այսօր ԱԺ նիստում ՍԴ դատավորի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը խմբակցության անունից իր ելույթում բարձր գնահատեց Վահե Գրիգորյանի անձնական ու մասնագիտական հատկությունները:
Սակայն, ըստ նրա, ճշմարտությունն առավել է և եթե ուզում ենք իրավական պետություն կառուցել, դա միայն գաղափար չէ, այլ ճանապարհ և ուղի է, որը պետք է օրենքով սահմանված կարգով անցնել:
Տ.Սիմոնյանի խոսքով՝ պետք է խիստ հաշվարկով մոտենալ այս ամենին՝ հասկանալով, որ դատական համակարգն այլ համակարգ է, ՍԴ դատարանի թեկնածուներին առաջադրվող պահանջներն այլ են, ընտրության ճանապարհը ևս այլ է:
«Ընդհանրապես, իրավաբանությունը, ասում են, արվեստ է բարու և արդարության մասին: Քաղաքականությունն էլ, ասում են, արվեստ է հնարավորի մասին: Չափազանց վտանգավոր է, երբ մենք խառնում ենք այս երկու երևույթները»,- ասաց Տ.Սիմոնյանը՝ հիշեցնելով օրենսդրական խնդիրը, որի մասին խմբակցությունը բազմիցս ասել է:
Ըստ նրա՝ անտեսել օրենքի այդ պահանջը լավագույն ճանապարհը չէ դեպի իրավական պետություն. «Բոլոր տարբերակներից ընտրել եք վատագույնը, և ինչքան էլ հարգեմ պարոն Գրիգորյանի մասնագիտական գիտելիքները, նրա անձը, անցած ճանապարհը, ես և իմ գործընկերներից շատերը չեն կարող անտեսել օրենքի պահանջը»: