«Իզմերի բացակայությության պարագայում կուսակցությունը դառնում է պատահական մարդկանց կառույց, որը չի կարող երկար կյանք ունենալ». Քաղտեխնոլոգ

Հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացրեց 5-րդ համաժողովը, որի ընթացքում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովի իր ելույթում հայտարարել է, որ իրենք փոխում են ստանդարտ գաղափարախոսությունը և ձևավորում են գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն. «Մեր կուսակցությունն արագ տեմպերով է հասցրել ընդդիմադիրից դառնալ իշխանական կուսակցություն, և շատերը նույնիսկ չգիտեն էլ, թե այն ինչ պատմություն ունի և ինչ գաղափարախոսության վրա է հիմնված։ Գուցե սա է պատճառը, որ շատերն ունեն թյուրըմբռնում՝ մեզ համարելով լիբերալ կամ ցենտրիստ, մենք սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք։ Մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն»,- ասել է վարչապետը։

Իր ելույթի ընթացքում Ն. Փաշինյանը նաև հայատարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդավար կուսակցություն է։

Ն. Փաշինյանի ելույթի, կուսակցության նրա ներկայացրած գաղափարախոսության շուրջ 168.am-ը զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

– Պարոն Բադալյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ի՞նչ մեսիջներ էր պարունակում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսությունը, ի վերջո, ո՞րն է։

– Ընդհանրապես համաժողովի ընթացքում շատ մեսիջներ հնչեցին, բայց կոնկրետ վարչապետի ելույթում առաջինը կապված էր իզմերի բացակայության հետ։ ՔՊ-ն իրեն դուրս է դնում տարբեր տեսակի իզմերից՝ սոցիալիզմ, լիբերալիզմ և այլն, ու կառուցում  ինչ-որ քաղաքացիական կուսակցություն։ Նախ՝ կուսակցություններում ընդգրկված մարդիկ միավորվում են հենց իզմերի շուրջ, որը քաղաքական այն սոսինձն է, որը միավորում է այդ մարդկանց, հակառակ դեպքում՝ նրանք չեն կարող միավորվել քաղաքական այս կամ այն կառույցում։ Տարբեր հարցեր կան, որոնց նկատմամբ տվյալ կառույցում պետք է ունենան գրեթե նույն դիրքորոշումը, եթե չկա իզմը, ապա այն դառնում է պատահական մարդկանց միավորում։ Իզմի առակայությունը նաև ճանապարհ է, որը մարդուն տանում է նախընտրած նպատակը, այսինքն՝ պետություն կառուցելիս, ինչպես են պատկերացնում նպատակների իրագործման ճանապարհն ու տարբերակները։

Օրինակ՝ Առաքելական եկեղեցու դերը պետությունում մե՞ծ, թե՞ փոքր պետք է լինի, պետությունը պե՞տք է միջամտի բիզնեսին, թե՞ ոչ, և այլն։ Եթե իզմը բացակայում է, նշանակում է՝ նպատակին հասնելու ճանապարհ չկա։ Եթե նշածս բոլոր իզմերը մերժում են, մնում է միայն մեկ իզմ՝ կարիերիզմ, այսինքն՝ մարդիկ կուսակցություն են մտնում, որպեսզի լուծեն անձնական հարցեր, և չունենալով ընդհանուր աշխարհայացք և չտեսնելով նպատակին հասնելու ճանապարհ՝ լուծում են միայն անձնական խնդիրները։

Հիշեցնեմ, որ նախորդ տարի վարչապետն ԱԺ-ում իր ելույթներից մեկում շեշտեց, թե ինչպես են որոշ հեղափոխականներ՝ չդիմանալով սեփական պաշտոններին, «կոտրվել»։ Այս համատեքստում, եթե չկա ընդհանուր գաղափարախոսություն, ապա մարդիկ սկսում են մտածել միայն իրենց անձնական հարցերի լուծման մասին։

ՔՊ վարչության նորընտիր նախագահ Սուրեն Պապիկյանը համաժողովում հայտարարեց, որ մոտ 8000 մարդ դիմում է գրել կուսակցության շարքերը համալրելու համար։ Եթե ՔՊ-ն չունի իզմ՝ հասկանալու համար, թե ով կարող է մտնել կուսակցություն և ճանապարհ անցնել, ապա ինչպե՞ս են որոշելու՝ այդքան դիմողներից ով պետք է դառնա ՔՊ-ական, ով՝ ոչ։ Այսինքն՝ իզմերի բացակայությության պարագայում կուսակցությունը դառնում է պատահական մարդկանց կառույց, որը չի կարող երկար կյանք ունենալ։

– Իշխող ուժը, որը չունի իզմեր, ի՞նչ ուղղությամբ կարող է տանել երկիրը։

– Դժվար է ասել, թե իշխող ուժն ինչ ուղղությամբ է երկիրը տանում և ուր կհասցնի, եթե չգիտի՝ ուր է գնում, ինչպե՞ս իմանանք, թե երկիրն ուր կարող է հասցնել։ Ամեն օր մի ուղղությամբ կարող է թեքվել, այսօր՝աջ, վաղը՝ ձախ, և այդպես պտտվում է անորոշ շրջանակում, որը տանելու է հասարակության մաշեցման։ Այստեղ է, որ անհրաժեշտ են իզմերը, որպեսզի հասկանաս՝ ուր է գնում։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ անընդհատ գնում է, բայց չգիտի՝ ուր։ Երկար ժամանակ հնարավոր չէ՝ կուսակցությունն առաջնորդվի առանց իզմերի, ի վերջո, երկրի հարևանները կստիպեն, որպեսզի հստակեցվի, թե որն է իր գնալու ճանապարհը։

Եթե վարչապետը հայտարարում է, որ թույլ չի տալու ուրիշներին խառնվել երկրի ներքաղաքական կյանքին, ապա պետք է հիշի, որ շատ փոքր երկրներ կան, որոնք նման բան թույլ չեն տալիս ու մի օր էլ հանկարծ կորցնում են զբաղեցրած դիրքերը։ Այնպես չէ, որ մեր վարչապետը սուպեր հերոս է և կարող է այլ երկրների արգելել մեր երկրի ներքին գործերին խառնվել:

– Վարչապետը նշեց, որ կուսակցության գաղափարախոսությունը հիմնված է չորս հիմնական սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն և անհատականություն։ Վերջին մեկ տարվա ընթացքում արդյո՞ք
իշխող կուսակցությունն այդ գաղափարախոսությամբ է առաջնորդվել։

– Վարչապետն ասաց, որ գաղափարախոսությունը կամ իզմերը մերժում են, բայց նրա թվարկած չորս կետերից մեկը՝ անհատականությունը, իզմ է։ Վարչապետը չի կարող իր կուսակցությունն ամբողջությամբ դուրս բերել իզմից։ Տեսեք երկրի ընդհանուր կյանքի վիճակը և հասկացեք՝ արդյո՞ք այդ գաղափարախոսությամբ են առաջնորդվել։ Եթե երկրի կյանքը բարելավվել է, կան ներդրումներ, ապա այդ կուսակցությունը դրական դեր է կատարել, բայց նախորդ մեկ տարվա ընթացքում կյանքը չի բարելավվել։ Իսկ այդ պարագայում, թե վարչապետն ինչ կարող է ասել իր կուսակցության ներսում, արդեն հարյուրերորդական հարց է։

– ՔՊ համաժողովի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանն այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոն է։ Այստեղ հստակ մեսիջ տեսնո՞ւմ եք։
– ԱԺ նախագահն իր հայտարարությունը հումորով ներկայացրեց, որը, իհարկե, իրականությանը չի համապատասխանում։ Այն ուներ մեկ մեսիջ, այն է՝ Միացյալ Նահանգներ և Եվրամիություն, գնեք Հայաստանի հեղափոխությունը, հակառակ դեպքում՝ կվտանգեք ժողովրդավարությունը։ Խնդիրն այն է, որ իշխանափոխությունից անցել է մեկ տարի, և մենք ԱՄՆ-ից և ԵՄ-ից չենք տեսել խոշորամասշտաբ ներդրում, ինչը նշանակում է, որ այդ երկուսն էլ նպատակ չունեն գնելու հայկական հեղափոխությունը։ Այս մեկ տարվա մեջ իշխանությունն անընդհատ փորձում է վաճառել հեղափոխությունը, սակայն նրանք խուսափում են և հստակ հիշեցնում, որ նման նպատակ չունեն։

– Վարչապետը խոսեց նաև ֆեյքերի և  յութուբում դիզլայքեր դնողների մասին՝ ասելով, թե նրանց աշխատանքի դնողները նախկին կոռուպցիոն համակարգից են և կարող են իրենց ռեսուրսները սպառել և հայտնվել «բոմժի» կարգավիճակում։ Կուսակցության համաժողովին այդքան կարևո՞ր էր ֆեյքերին անդրադառնալը, այն էլ՝ վարչապետի մակարդակով։

– Տպավորությունս այնպիսին է, որ իշխանափոխությունից անցել է մեկ տարի, սակայն իշխող ուժը դեռևս պայքարում է անցյալում իր մրցակիցների դեմ, ինչը նշանակում է, որ նա չունի զարգացման հիմք։ Բոլորի հայացքն ուղղված էր դեպի հետ, այլ ոչ թե առաջ։

Հայաստանի իշխող քաղաքական ուժը չի տալիս երկրի զարգացման օրակարգ, որևէ ելույթ չեղավ երկրի տնտեսական, արտաքին քաղաքական, դատաիրավական և այլ համակարգերի վերաբերյալ։ Սա նշանակում է, որ ՔՊ-ն մնացել է նախորդ տարվա ապրիլի իրավիճակում, չնայած կյանքը մեկ տարով առաջ է գնացել։

Երևի վարչապետը հիվանդագին է տանում, երբ իր շատ հայտարարություններն օբյեկտիվորեն ստանում են բավականին շատ դիզլայքեր։ Նրան թվում է, որ ցմահ պետք է արժանանա հայ հասարակության մեծ մասի հարգանքին ու սիրուն։ Նա հիվանդագին է տանում նաև, որ իր վարկանիշն անկում է ապրում, և չի հավատում դրան, նա կարծում է, որ դիզլայքերը նախկին իշխանության կողմից են դրվում։ Չեմ ժխտում, գուցե նախկին իշխանության ներկայացուցիչներն աջակցում են այդ գործընթացին, սակայն հասկանալի է, որ վարչապետի վարկանիշն անկում է ապրում։

– Արտաքին քաղաքականության առումով, եթե չկա իզմ ու երկրի զարգացման հստակ տեսլական, վտանգ կա՞, որ Հայաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային գործընթացներից և մեկուսանալ։

– Մենք արդեն դուրս ենք մնացել այդ գործընթացներից, պետք չէ ապագայի ժամանակով խոսել։ Աշխարհում տարբեր գործընթացներ են տեղի ունենում՝ ԵՄ-ում, Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ում, իսկ մեր վարչապետն այդ մեկ տարվա ընթացում մի քանի անգամ ՌԴ է գնացել, և այնպես է ստացվում, որ արտաքին քաղաքականության ոլորտում իր միակ ձեռքբերումը համարում է այն, թե քանի անգամ է բարևել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Այլ հարցերի վերաբերյալ օրակարգ գոյություն չունի՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության ոլորտում։ Սա վտանգավոր է դառնում, հատկապես՝ Արցախի հարցի հետ կապված, քանի որ, եթե մերժում է ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի հետ քաղաքական հարցերի օրակարգի մշակումը, ապա այն բացասաբար կարող  է ազդել Արցախի հարցի վրա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս