Եվրոպան քիչ ժամանակ ունի միջուկային գործարքը փրկելու համար. Ռոուհանի
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ եվրոպական երկրները դեռ որոշ ժամանակ ունեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը պահպանելու համար:
«Եվրոպացիներին քիչ ժամանակ է մնացել (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ) պայմանագիրը փրկելու համար»,-նշել է Ռոուհանին, որի խոսքը մեջբերել է Al Arabiya հեռուստաալիքը»: Իրանի նախագահը հավելել է, որ իր տեսանկյունից «միջազգային համաձայնագրի (ԳՀՀԿ) վիժեցումը օգուտ չի բերի տարածաշրջանին»:
Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանն այս տարվա հունիսի 27-ից հետո իրեն իրավունք է վերապահում 300 կիլոգրամից ավելի հարստացված ուրան պահել երկրի տարածքում՝ հակառակ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ինչպես նաեւ դադարեցնում է ծանր ջրի արտահանումը:
Միջուկային գործարքի համաձայն, Իրանը պետք է այլ երկրներ արտահանի ուրանի ավելցուկները, եթե դրա ծավալները գերազանցում են 300 կիլոգրամը, ինչպես նաեւ մշակված ծանր ջուրը: Իրանի ատոմային կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը ԳՀՀԾ-ի մասնակից եվրոպական երկրներից դեռեւս սպասում է գործարքի շրջանակում իրենց պարտավորությունների կատարման գործողություններ:
«Եվրոպացիները դեռեւս հնարավորություն ունեն ընդունելու այնհրաժեշտ որոշումը: Մեր համբերությունն սպառվել է. մենք սպասում էինք մեկ տարի եւ 2019 թվականի մայիսի 8-ին տվեցինք եւս երկու ամիս, այնպես որ նրանք դեռեւս փոքր-ինչ ժամանակ ունեն իրադրությունը շտկելու համար»,-պարզաբանել է Քամալվանդին: Նա հավելել է, որ Թեհրանը մշտական շփման մեջ է եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: