«Ես պարզապես ամաչում եմ, որ իմ երկրի բարձր ղեկավարներն այսպիսի նարցիսներ են». քաղաքագետը՝ ՔՊ համագումարի մասին
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 16-ին անցկացրեց իր 5-րդ համաժողովը։ Համաժողովին հաջորդեցին տարբեր վերլուծաբանների ու քաղաքագետների գնահատականները, որոնք միանշանակ չէին:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը 168.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով հարցին, թե ո՞րն է համագումարից ստացած տպավորությունը, և արդյո՞ք համամիտ է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն կարծիքին, թե այսօր աշխարհի ժողովրդավարության բաստիոնը ոչ թե ԱՄՆ-ը ու Եվրոպան են, այլ Հայաստանը, պատասխանեց.
«Ճիշտն ասած, այստեղ ո՛չ կարծիք արտահայտելու, ո՛չ էլ քննադատելու տեղ կա։ Ես պարզապես ամաչում եմ, որ իմ երկրի բարձր ղեկավարներն այսպիսի նարցիսներ են։
«Քաղաքացիական պայմանագրի» հիմքի վրա ձևավորված իշխանությունները ոչ միայն ժողովրդավարության օրինակ չեն, այլև անում են քայլեր, որոնք ակնհայտորեն հակադեմոկրատական են ու միտված ամբողջատիրության հաստատմանը։ Հենց միայն դատական իշխանության նկատմամբ ներկայումս իրականացվող տոտալ հարձակումը բավարար է ասածս ապացուցելու համար։
Այստեղ խնդիրը միայն ակադեմիական գիտելիքի պակասի մեջ չէ, իրական ժողովրդավարական պրոցեսների չիմացության մեջ չէ։ Հայաստանի ղեկավարները չեն պատկերացնում, որ նման արտահայտություններով վիրավորում են մյուս երկրներին, և նեղվում են, երբ միջազգային հարթակներում իրենց ձեռք են առնում»։
Հիշեցնենք, որ ՔՊ համագումարում իր ելույթում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնավորապես ասել էր. «Մեզ պատերազմ է հայտարարված: Հայաստանն այսօր ազատության ու ժողովրդավարության բաստիոնն է Հայաստանում: Ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Եվրոպան, Հայաստանի Հանրապետությունն այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, և կախված նրանից՝ կհաջողի՞ արդյոք հայկական ժողովրդավարությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի այն, թե արդյոք ժողովրդավարությունը կհաջողվի աշխարհում»:
Ա. Ենոքյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև համաժողովում վարչապետ, կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի՝ իզմերը մերժելու մասին դիտարկումներին, ինչը քաղաքագիտական տարբեր շրջանակներում քննարկումների, քննադատությունների թիրախ է դարձել:
Ն. Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն։ Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում․ սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն, և մենք մեր անելիքները ձևակերպում ենք՝ ըստ այդ բարձրագույն ինստիտուտների զարգացման շահերի»:
Ըստ Ա. Ենոքյանի՝ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած թեզն օրիգինալ է, բայց դժվար թե քաղաքական պրակտիկայում աշխատի.
«Քաղաքացիները գնում են այս կամ այն քաղաքական ուժի ետևից, երբ այդ ուժն արտահայտում է իր «իզմը», այսինքն՝ դիրքորոշումը, թե ուր և ինչպես է տանելու երկիրը։ Ծայրահեղ դեպքում՝ առանց իզմերի պոպուլիստական քաղաքական ուժը կարող է պահել և գրավել քաղաքացիների վստահությունն ու քվեները, եթե շատ մեծ հաջողությունների է հասել երկրի կառավարման գործում, և մարդիկ կվստահեն ոչ թե տեսլականին, այլ կատարված իրականությանը։ Մինչդեռ շատ լավ տեսնում ենք, որ այդպիսի բան չկա։
Ակնհայտ է, որ առանց իզմերի տարվող քաղաքականության մեջ ՔՊ-ն իր հույսը կարող է երկու գործոնի վրա դնել։ Առաջինը, դա հարատև «մերժիր Սերժինն է», և համագումարի համարյա բոլոր ելույթներն էլ ոչ այնքան ապագային էին միտված, որքան հպարտություն էր իրենց կատարած հեղափոխությամբ և հաթաթաներ նախկիններին։ Այս մեթոդն արդեն սկսում է չաշխատել, և եթե ամեն ինչ գնա բնական ճանապարհով, առանց ֆորս-մաժորների, ապա հաջորդ ընտրություններին՝ 3-4 տարի հետո, չեմ կարծում, թե հնարավոր կլինի կրկին նախկիններին սպառնալով՝ քվեներ հավաքել»։
Մյուս գործոնը, ըստ Ա. Ենոքյանի՝ Նիկոլ Փաշինյանի անձն է։ «Ինչպես ներկա իշխանության մարմինները՝ Ազգային ժողովը, Երևանի ավագանին, և այլն, որոնք ձևավորվել են ոչ թե ՔՊ-ի, այլ զուտ Նիկոլ Փաշինյանի շուրջ, այնպես էլ կառավարող ուժը կարող է հույս ունենալ, որ հաջորդ ընտրություններում առանց իզմերի քաղաքականության շնորհիվ՝ կրկին Նիկոլ Փաշինյանը կհաղթի։ Սակայն ակնհայտ է, որ առանց պոզիտիվ քայլերի, զուտ Քոչարյանին նստացնելու ու նախկիններին պատժելու մարմաջով մինչև հաջորդ ընտրություններ էլեկտորատ չես պահի, և դա են վկայում անգամ իշխող ուժի անցկացրած հարցումները»։
Զարուհի Դիլանյան