Բաժիններ՝

Huawei-ը հաշվել է ընկերությանը վնասները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Չինաստանի Huawei հեռահաղորդակցությունների հսկայի հասույթն առաջիկա երկու տարում 30 մլրդ դոլարով կկրճատվի ընկերությանը սեւ ցուցակում ներառելու ԱՄՆ-ի իշխանությունների որոշման պատճառով: Այդ մասին Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության եթերում հայտարարել է Huawei-ի հիմնադիր Ժեն Չժենֆեյը:

«Ես ենթադրում եմ, որ առաջիկա երկու տարում մենք կկրճատենք մեր արտադրությունը, եւ մեր հասույթը 30 մլրդ դոլարով պակաս կլինի, քան կանխատեսվում էր ավելի վաղ»,-նշել է նա:

Huawei-ը հիմնադրվել է 1987 թվականին: Այն արտադրում է հեռահաղորդակցական սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական սարքեր ու սմարթֆոններ: Ընկերության արտադրանքն ու ծառայությունները հասանելի են ավելի քան 170 պետություններում: Huawei-ը միջազգային տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Ավստրալիան նրան մեղադրեցին իր սարքավորուների օգնությամբ գաղտնի տվյալները հավաքելու մեջ:

Մայիսի 15-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվում Միացյալ Նահանգների տեղեկատվական-հաղորդակցական ռեժիմը օտարերկրյա սպառնալիքներից պաշտպանելու համար: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի 17-ից Huawei-ին սեւ ցուցակի մեջ է մտցրել ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով:

Անցյալ տարվա օգոստոսին Թրամփն ստորագրել է հրամանագիր, որն ԱՄՆ-ի կառավարական գերատեսչություններին արգելել է օգտագործել Huawei-ի եւ չինական եւս մեկ ընկերության՝ ZTE-ի կողմից արտադրված սարքավորումները: Huawei-ն ամերիկյան իշխանությունների որոշումը որակել է որպես ոտնձգություն իր օրինական իրավունքների դեմ, հավելելով, որ դրա պատճառով ԱՄՆ-ում «կդանդաղի 5G ցանցի ծավալումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս