Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակն է
Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն այսօր կդառնար 90 տարեկան:
Պետրոսյանը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 1963 թվականին, 1966 թվականին՝ պաշտպանել կոչումը:
«Ես ձգտում եմ ապացուցել, որ շախմատում ամենակարևորը ստեղծագործական սկիզբն է, այն սկիզբը, որը շախմատը դարձրել է շախմատ, որի շնորհիվ այն չի մոռացվել հազարամյակների ընթացքում: Շախմատիստը ստեղծում է իսկական գլուխգործոցներ, որոնք վերջին հաշվով տեղ են գրավում մշակութային արժեքների համաշխարհային գանձարանում: Ես այդպիսի շախմատի կողմնակիցն եմ և կցանկանայի, որ երիտասարդները, որոնք իրենց կյանքը նվիրում են հնագույն այդ խաղին, առաջին հերթին տեսնեին նրա ստեղծագործական կողմը, որ շախմատը նրանց համար դառնար ստեղծագործական այն ակտը, որը երկրպագուներին բերում է գեղագիտական անբացատրելի հաճույք ու բավականություն: Իսկ հաղթանակներ այդ դեպքում անպայման կլինեն»,- ասել է լեգենդար շախմատիստը։
Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։ Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թվականի ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949 թվականի առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950 թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թվականներին մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951 թվականի առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թվականին միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։
Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953 թվալանին հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955 թվականին միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958-ին՝ 3-4-րդը, 1962-ին՝ 2-3-րդը։ 1959 թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։
1962 թվականին, հաղթելով հավակնորդների մրցաշարում, Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթել է 1963 թվականին և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1966 թվականին Պետրոսյանը պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Սպասկիին։ 1969 թվականին շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվել է նույն Սպասկիին։ 1971 – 1980 թվականներին շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։
1984 թվականից Երևանի շախմատի տունը կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։ Փարիզում գործում է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ, որի նախագահն է Ֆրանկ-Վազգեն Բայրամյանը։