«Դա ապատեղեկատվություն է»․ МГИМО-ի պրոռեկտոր
«168 Ժամի» զրուցակիցն է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պատմաբան ու քաղաքագետ Եվգենի Կոժոկինը։
-Պարոն Կոժոկին, վերջերս 1992-1995թթ. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով ելույթ էր ունեցել МГИМО-ում, որից հետո ծավալվել էր քննարկում, և Շահնազարյանը պատասխանել էր ներկաների հարցերին։ Ինչպե՞ս եք գնահատում Դուք պարոն Շահնազարյանի ելույթը և դրան հաջորդած քննարկումը։
– Դա փորձագիտական սեմինար էր։ Նման սեմինարներ պարբերաբար տեղի են ունենում մեզ մոտ՝ МГИМО-ում, քանի որ МГИМО-ն ոչ միայն բուհ է, այլև վերլուծական հարթակ։ Մենք ունենք մի քանի կենտրոններ, որոնք զբաղվում են տարատեսակ խնդիրներով, այդ թվում՝ ԱՊՀ երկրների խնդիրներով։ Դա հետաքրքիր սեմինար էր, հետաքրքիր՝ հատկապես նրանով, որ, անկասկած, Հայաստանը բոլոր երկրներից Ռուսաստանի ամենամտերիմ պետությունն է, ուստի այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի հետ, հետաքրքրում է մեր փորձագիտական հանրությանը։
Սեմինարը նվիրված էր տարածաշրջանային խնդիրներին, ՀՀ արտաքին քաղաքականությանը և, բնականաբար, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին։
Ի դեպ, սեմինարի մեկնարկին Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ունի սկզբունք՝ արտերկրում նա երբեք չի քննարկում իր երկրի ներքին քաղաքականությունը և հետևում է այս սկզբունքին, հետևաբար՝ խնդրում է սեմինարի բոլոր մասնակիցներին հարգել այդ սկզբունքը, պատրաստ է քննարկել տարածաշրջանային քաղաքականությունը, միջազգային անցուդարձը, բացառությամբ ՀՀ ներքաղաքական թեմաների։
Հետևաբար, իհարկե, մեզ հետաքրքրում է այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրադարձությունների դինամիկան, բայց մենք հարգանքով ենք վերաբերվում այդ սկզբունքին, առավել ևս՝ կարծում ենք, որ ռուս փորձագետները ևս ճիշտ կանեին՝ հետևեին այդ սկզբունքին։
– Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը տեղեկատվություն էր տարածել, որ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի աջակցությամբ էր կազմակերպվել այդ հրավերը, ինչը Շահնազարյանը կտրուկ կերպով հերքել էր։ Ի՞նչ կասեք այս մասին։
– ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն այդ հրավերի հետ որևէ առնչություն չի ունեցել։ Մենք բավականին հաճախ ենք տարբեր փորձագետներ հրավիրում։ Դավիթ Շահնազարյանին ես ճանաչում եմ մոտավորապես 30 տարի, քանի որ 1991 թվականին ես ղեկավարում էի ԼՂ-ում դիտորդական առաքելությունը։ Հայաստանի շատ քաղաքական գործիչների, հատկապես՝ ավագ սերնդի, ես ճանաչում եմ անձամբ։ Միշտ չէ, որ կիսել եմ Դավիթ Շահնազարյանի տեսակետները, բայց ես նրան մշտապես համարել եմ խելացի և անկախ հայացքներ ունեցող գործիչ։
– Նույն հրապարակման համաձայն՝ Շահնազարյանը կոչ է արել հանդես գալ ներկայիս իշխանությունների դեմ, միջամտել ՀՀ ներքին գործերին՝ փորձելով ներկաներին ներկայացնել, թե շուտով Հայաստանն ընտրություն է կատարելու հօգուտ Արևմուտքի՝ պահանջելով դուրս բերել ռուսական զորքերը Գյումրիից։ Սա համապատասխանո՞ւմ է իրականությանը։ Եղե՞լ է նման քննարկում։
– Նման բան պարզապես չի եղել։ Ես չգիտեմ, թե որտեղից է այս տեղեկատվությունը, քանի որ այդ հարցերը չեն բարձրացվել, չեն քննարկվել, և դա այն հարթակը չէր, որպեսզի նմանատիպ հարցեր քննարկվեին։
– Այսինքն՝ դա ապատեղեկատվությո՞ւն էր։
– Դա ապատեղեկատվություն էր։ Ես չգիտեմ, թե ով է այն հորինել։ Ես կարդացել եմ այդ ելույթի վերաբերյալ որոշ տեղեկություններ, այդ տեղեկությունները հորինել է մեկը, ով ներկա չի եղել այդ սեմինարին։
Մի այսպիսի կոնկրետ մանրուք կա՝ այդ տեղեկություններում խոսք է գնում դասախոսության մասին պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների առջև, այնինչ դա փորձագիտական սեմինար էր, որին չի մասնակցել ոչ մի ուսանող։
МГИМО-ն ՌԴ ԱԳՆ հաստատություն է, երկրների ներքին գործերին միջամտությունը չի համապատասխանում ՌԴ ԱԳՆ-ի և մեր՝ որպես ԱԳՆ հաստատության, սկզբունքներին։