ԵՄ-ը 2019թ. լրացուցիչ 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանին. Մոգերինի

Եվրամիությունը լրացուցիչ 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանին 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերին ԵՄ-Հայաստանի գործընկերության խորհրդի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Մոգերինին հիշեցրել է, որ 2016-2020թթ. համար ԵՄ-ը ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին:

«Հաշվի առնելով երկրի ժողովրդավարական բարեփոխումները՝ Եվրոպական միությունն այս տարի կհատկացնի լրացուցիչ 25 մլն եվրո՝ ընդհանուր հատկացումն այս տարվա համար հասցնելով 65 մլն եվրոյի, որը կուղղվի բարեփոխումների և մեր համաձայնագրի արդյունավետ կերպով իրականացմանը,- ասել է Մոգերինին:- Այս ֆինանսավորմամբ մենք կփորձենք առավելագույնի հասցնել բարեփոխումների ազդեցությունը, ինչպես նաև բարելավել քաղաքացիների կենսապայմանները և դա անել տեսանելի և շոշափելի»:

Ընդհանուր առմամբ Մոգերինին նշել է, որ նախորդ նույն ձևաչափով հանդիպումից անցել է մեկ տարի և այդ ընթացքում Եվրոպական միություն- Հայաստան գործակցությունը զարգացել է «շատ լավ»:

«Հայաստանը վերջերս ներկայացրել է ճանապարհային քարտեզ (համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր-խմբ.), որը մենք քննարկեցինք այսօր: Մենք տեսնում ենք, որ այն կարող է հաջողությամբ նպաստել Հայաստանում բարեփոխումների գործընթացին, ուստի մենք կշարունակենք աջակցել դրան մեր կողմից՝ տեխնիկական առումով և կարողությունների զարգացման տեսանկյունից»,- ասել է հանձնակատարը: Նա նշել է, որ Եվրոպական միություն հատուկ ուշադրություն է դարձնում դատական բարեփոխումների վրա, որը նույնպես այսօր քննարկվել է:

«Մենք սատարում ենք համընդհանուր դատական բարեփոխումներին ուղղված ընթացիկ աշխատանքներին, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին: Անկախ արդյունավետ և հաշվետու դատական համակարգից շահում են բոլորը. այն նպաստում է մարդու իրավունքների պաշտպանությանը և տնտեսական զարգացման ու միջազգային ներդրումների համար նպաստավոր բիզնես միջավայրին»,- ասել է Մոգերինին՝ հավելելով, որ ԵՄ-ը պատրաստ է տրամադրել էական աջակցություն այդ առանցքային բարեփոխումներին:

Տեսանյութեր

Լրահոս