ԵԽ-ում եվրասկեպտիկները պատրաստ են որպես միջնորդ հանդես գալ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև
Եվրախորհրդարանում «եվրասկեպտիկների» «Ինքնություն եւ ժողովրդավարություն» նոր խմբակցությունը, որը կարող է չորրորդը դառնալ մեծությամբ, պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները կարգավորելու գործում, պատժամիջոցները խնդիրներ չեն լուծում, հարկավոր է դիվանագիտություն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է խմբակցության նախագահ, իտալացի քաղաքական գործիչ Մարկո Ձաննին:
«Եթե մենք ցանկանում ենք փոխգործակցել ՌԴ-ի հետ, ապա պատժամիջոցները ճիշտ ճանապարհը չեն, որովհետեւ արդյունքում դրանք բացասաբար են ազդել եվրոպական երկրների եւ Իտալիայի վրա: Ուստի հարկավոր է ավելի շատ դիվանագիտություն, հարկավոր է ՌԴ-ի հետ հաղորդակցվելու ավելի արդյունավետ ուղիներ բացել՝ փոխզիջում գտնելու համար: Այլապես խնդրահարույց կլինի»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իր խմբակցության շրջանակներում «պատրաստ է ՌԴ-ի հետ լավագույն համագործակցության»:
«Մեր խմբակցությունը նաեւ պատրաստ է միջնորդ դառնալ ԵՄ-ի ու ՌԴ-ի միջեւ:
Դիվանագիտություն՝ ահա լուծումը, որը մենք ցանկանում ենք: Եթե ԵՄ-ն, Արեւմուտքը եւ ՌԴ-ն կարողանան քայլ առաջ անել, մենք կկարողանանք այս իրադրությունը կարգավորել առանց պատժամիջոցների: Պատժամիջոցները քաղաքական գործիչների ձախողումն է: Մենք քաղաքական գործիչներ ենք եւ ցանկանում ենք բոլոր տարաձայնությունները լուծել դիվանագիտության մեթոդով»,-նշել է նա:
Եվրախորհրդարանում «եվրասկեպտիկների» ամենախոշոր խմբակցությունը, որն ստացել է «Ինքնություն եւ ժողովրդավարություն» անվանումը, իր շարքերում կունենա 73-ից մինչեւ 76 մարդ: