«Արմեն Փամբուխչյանը ճիշտ է ասում. ես ՀՀ քաղաքացի եմ դարձել Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016թ. հունիսին». Արթուր Դանիելյան

ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանը shantnews.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ց հետո սրվեցին հարաբերություններն «Ադեկվադի» ղեկավար Արթուր Դանիելյանի հետ, ասել էր, թե չի հիշում:

Արթուր Դանիելյանի՝ ՔՊ անդամ լինելու վերաբերյալ հարցին էլ նա պատասխանել էր. «Այո, ՔՊ-ից է եղել, մասնակցել է հիմնադրմանը, կուսակցական չէր այդ պահին, քանի որ ՀՀ քաղաքացիություն չուներ»։

168.am-ի հետ զրույցում Արթուր Դանիելյանն Արմեն Փամբուխչյանի հայտարարությունների առնչությամբ ասաց, որ ինքն էլ չի հիշում, թե ինչից սրվեցին իրենց հարաբերությունները, փոխարենը՝ շատ լավ հիշում էր թե՛ իր ծանոթությունը ներկայիս իշխող քաղաքական ուժի առաջնորդի հետ, թե՛ իրենց հարաբերությունների սրման պատճառները։

«Ես Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացել եմ 2015թ. գարնանը։ Մեր առաջին տետ-ա-տետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվել էինք, որ մեր համագործակցությունը կընթանա հետևյալ 4 կետերի շուրջ՝

. Նա պարտավորվում էր ստեղծել ինստիտուցիոնալ մոբիլ կառույց, այսինքն՝ կուսակցություն, որը կունենա զարգացած տեղական կառավարման մեխանիզմ, զարգացած սկզբնական կառույցներ։

. Այդ կուսակցության մեջ կբացառվի սուպեր-առաջնորդի գոյությունը։ Այդ ժամանակ ակտիվ քննարկվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի տապալումը, որովհետև նա սուպեր-առաջնորդ էր։

. Այլընտրանքային ծրագիր ունենալու հարցը, այսինքն՝ ոչ թե անբովանդակ քաղաքական շահարկումների հիման վրա քաղաքական պայքար մղել, այլ բովանդակային, կառուցողական քննադատության։

. Այլընտրանքային ստվերային կառավարություն ունենալու հարցը։

Այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է այս 4 կետերն անցներ, նոր մտներ քաղաքական ակտիվ պայքարի փուլ»,- ասաց Աթուր Դանիելյանը՝ հավելելով, որ ինքն ըստ այդմ իր բոլոր հնարավոր ռեսուրսներով աջակցել է Նիկոլ Փաշինյանին, սակայն մեկ տարի անց հասկացել է, որ Փաշինյանը խաբել է։

«Ադեկվադ» հ/կ ղեկավարը հիշում է, որ ինքն այդ ժամանակ՝ 2016թ. ամռանը, համոզվեց, որ Նիկոլ Փաշինյանը մտադրություն ու ամբիցիաներ չունի հետևել նշյալ 4 կետերի պահանջներին։

«Նա նախընտրում էր շատ ավելի արկածախնդիր ճանապարհով շարժվել, զբաղվել քաղաքական արկածախնդրությամբ, նախընտրում է ոչ թե կառուցողական, բովանդակային քաղաքական քննադատությունը, այլ քաղաքական, ես դա անվանում եմ՝ «բառիգություն», երբ դու գիտակցաբար օփիում ես բաժանում՝ քաջ գիտակցելով, որ իրենցից սարքում ես թմրամոլ, բայց ոչ մի լավ բան դրանից, միևնույն է, չի ստացվի։ Էդ պահին դոզա ես ծախում, որովհետև էդ պահին քեզ դիվիդենտներ են պետք»,- նկատեց Արթուր Դանիելյանը։

Վերջինս շեշտում է, որ 2016թ. ամռանը դա հասկանալուց հետո՝ աշնանը՝ սեպտեմբերին, վերջին անգամ ինչ-որ քաղաքական պրոցեսի է մասնակցել, և դրանից հետո ինքը որևէ աջակցություն այդ թիմին չի ցուցաբերել և հրապարակավ իր վերաբերմունքը բազմիցս արտահայտել է, բացատրել իրենց համագործակցության սկզբի, ընթացքի և ավարտի բոլոր մանրուքները, այնպես որ, այդտեղ առանձնապես որևէ գաղտնիք չկա։

Անդրադառնալով Արմեն Փամբուխչյանի դիտարկմանը իր՝ քաղաքացիություն չունենալու վերաբերյալ, ընդդիմադիր գործիչն ասաց, որ վերջինս ճիշտ է ասել։

«Ես ՀՀ քաղաքացի եմ դարձել Ապրիլյան պատերազմից հետո, քաղաքացիություն ստացել եմ, կարծեմ, 2016թ. հունիսին»,- եզրափակեց Արթուր Դանիելյանը։

Տեսանյութեր

Լրահոս