«Շեշտը պետք է դրվի ոչ թե ներսում իրավիճակը սրելու, այլ ժողովրդավարությունն ամրապնդելու վրա». Թևան Պողոսյանը՝ Արցախում կադրային փոփոխությունների մասին
Ցանկացած գործընթաց, որը տեղի է ունենում Արցախում կամ Հայաստանում, պայմանավորված է երկու հայկական պետությունների համար կարևոր մեկ խնդրով՝ անվտանգությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխություններին ու պաշտոնանակություններին։
Ըստ նրա, անվտանգությունից ելնելով՝ ինչ փոփոխություններ լինում են կամ չեն լինում, կան դրան զսպող ուժեր, «կարմիր գծեր», որոնք կարելի է հատել, և կան գործընթացներ, որտեղ հաշվարկներն արվում են ճիշտ ձևով՝ հասկանալու համար, թե ինչպես են ապահովելու անվտանգությունը։
«Արցախում կադրային բազան այնքան մեծ չէ, որ կարողանան ամեն օր փոփոխություններ անել, ուստի անվտանգության հաշվարկի մեջ տեղի են ունենում այն գործընթացները, որոնք սպասվում են ապագայում»,- ասաց Թ. Պողոսյանը։
Նա հիշեցրեց հունիսի 3-ի Արցախի արտգործնախարարության հայտարարությունը, ըստ որի` այնպես պետք է անեն, որ միջազգային հանրության մոտ բարձրացնեն այն բոլոր պայմանավորվածությունների մասին, որոնք եղել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, Ժնևում և Դուշանբեում՝ կարևորելով հետաքննման մեխանիզմների ներդրումը և դիտորդական առաքելության ընդլայնումը։
Այս ամենին Թ. Պողոսյանն ավելացրեց ևս մեկ հանգամանք՝ պատժամիջոցները, որից ելնելով՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային ձևով որդեգրեց իրազեկելու միջազգային հանրությանը։
Նրա դիտարկմամբ, Արցախում կադրային փոփոխությունները, բացի անվտանգությունից, պայմանավորված են նաև հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններով, և ընտրություններին մասնակցող հավանական թեկնածուները, որոնք զբաղեցնում էին այս կամ այն պաշտոնը, ուշ թե շուտ պետք է թողնեին պաշտոնը և զբաղվեին քարոզարշավով։
«Շեշտը պետք է դրվի ոչ թե ներսում իրավիճակը սրելու, այլ ժողովրդավարությունն ամրապնդելու վրա։ Օրինակ՝ ինչու ՀՀ Կառավարությունը 500 հազար կամ 1 մլն դոլարի չափով գրանտ չի օգտագործում և Արցախ ուղարկում միջազգային ու տեղացի հ/կ ներկայացուցիչներ, որպեսզի այնտեղ էլ զարգանա ժողովրդավարությունը, այսինքն՝ այդ գործում այնտեղ աջակցելու համար»,- շեշտեց Թևան Պողոսյանը։
Զվարթ Խաչատրյան