«Ես նախապես իմ բոլոր վստահորդների հետ քննարկել եմ այս հարցը, որ ես չեմ գնում հին ավանդույթները շարունակելու»
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում արդարադատություն իրականացնելիս որևէ կաշկանդվածություն չի ունենալու: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վահե Գրիգորյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե որոշ ընդդիմադիրներ մտահոգություն ունեն, որ Գրիգորյանն իշխանության ներկայացուցիչների մտերիմն է ու անաչառության հետ կապված խնդիր կարող է լինել՝ Վ. Գրիգորյանը պատասխանեց.
«Ես բացարձակապես կաշկանդվածություն չունեմ: Ես այդ պաշտոնում չեմ ընտրվում, որ որևէ խմբավորման ներկայացուցիչ լինեմ այնտեղ: Ես նախապես իմ բոլոր վստահորդների հետ քննարկել եմ այս հարցը, որ ես չեմ գնում հին ավանդույթները շարունակելու»:
Նա նշեց, որ ինքն ունի քաղաքական հայացքներ, ավելին` չկա մարդ, որ քաղաքական հայացք չունենա: «Սակայն այլ խնդիր է, թե որքանով են դրանք ազդում դատավորի արդարադատության իրականացման վրա»,-նշեց Գրիգորյանը:
Հարցին, թե իր քաղաքական հայացքներն արդյոք չեն խանգարի՞, եթե, օրինակ իշխանության որևէ ներկայացուցիչ փորձի զանգով միջամտել արդարադատություն իրականացմանը՝ Վ. Գրիգորյանը պատասխանեց՝ ցանկացած որոշում լինելու է իր որոշումը:
«Անցյալ տարիների ընթացքում դատավորների վերաբերյալ ընկալումն այնպիսին է եղել, որ կարելի է նրանց զանգել ու ասել, թե ինչ անեն: Ցանկացած որոշում լինելու է իմ որոշումը: Եվ ես երբևէ չեմ արդարանալու, թե ես ճնշման տակ եմ: Որ պահին ես ճնշման տակ լինեմ, ես դատավոր չեմ լինի»,- նշեց թեկնածուն:
Անդրադառնալով դիտարկմանը, թե նույն թեկնածուին երկրորդ անգամ առաջադրելու հետ կապված սահմանադրական օրենքի խախտում կա, նա նշեց, որ որևէ խախտում չի տեսնում:
«Սա հանրապետության գլխի սահմանադրական լիազորության իրականացումն է: Եվ օրենսդիրը չի կարող դրան միջամտել: Որոշ ընդդիմադիրների կողմից ՍԴ-ի օրենքի դրույթի մեկնաբանությունը, թե նոր թեկնածու նշանակվում է ոչ այն անձը, որը նախկինում առաջադրվել է, նշանակում է միջամտություն պետության գլխի սահմանադրական լիազորությանը, նախագահի լիազորությունները նախատեսված են Սահմանադրությամբ և դրանց սահմանափակումներին ԱԺ-ն չի կարող մասնակցություն ունենալ»,- ասաց Գրիգորյանը: