«Հայաստանի ու Արցախի միջև եղած խնդիրները չպետք է դուրս գան պատերից». Կարեն Քոչարյան

«Արցախը նուրբ թեմաներից մեկն է: Արցախի և ՀՀ ղեկավարությունների միջև կարող են լինել խնդիրներ, բայց դրանք չպետք է դուրս գան պատերից, հայտնվեն մամուլում և սոցիալական ցանցերում: Սա պետք է բացառել: Այդ խնդիրը դուրս չի կարելի հանել, շուտափույթ պետք է լուծել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ամեն ՀՀ ղեկավար հասկանում է, որ Արցախը դա այն փորձաքարն է, որը նախորդներից որոշների համար դարձել է ճակատագրական: Այն ավելի շատ ազգի և պետության անվտանգության իմունիտետն է: Եթե Արցախի հետ մի փոքր ինչ-որ բան եղավ, համարեք, որ պետությունը ՁԻԱՀ-ով է հիվանդանում, իմունային համակարգը լրիվ վերանում է:  Դրա համար համոզված եմ՝ այն ձեռքը, որ վերջին օրերին մեկնեց Արցախը, պետք է սեղմել: Մի վայրկյան չեմ կասկածում, որ այդպես էլ կլինի»,- հավելեց Կարեն Քոչարյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ ասաց.

«Սկզբում հայտարարվեց, որ Արցախում դավադիր ուժեր են հավաքված, հետո այնպես եղավ, որ պարզ խոսում էր Բակո Սահակյանի մասին: Այսինքն՝ այդ դավադիրը Բակո Սահակյանն էր: Հետո անցավ Վիտալի Բալասանյանին: Գեներալներին բոլորին ազատել է աշխատանքից: Այնտեղ թուրք-ամերիկյան զորավարժություններ են, ճակատային գծում ադրբեջանցիներն ամեն շաբաթ տարբեր տեսակի մարզանքներ են կատարում, իսկ մենք ընկած ենք մեր ոչ սովորական գեներալների հետևից: Մարտական ուղի անցած մարդկանց հետևից ենք ընկել: Բա այդ երեխեքը, որ կանգնած են սահմանին, հրամանատար չունենա՞ն, որը պատերազմական փորձ ունի»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս