Վահե Գրիգորյանը՝ Արմեն Սարգսյանի լեգիտիմության մասին

ՀՀ նախագահի կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին այսօր ԱԺ-ում լրագրողները հիշեցրին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմության մասին հայտարարությունները, թե՝ քանի որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ, հետեւաբար՝ այս խորհրդարանն էլ լեգիտիմ չէ:

Ի պատասխան Վահե Գրիգորյանն ասաց, թե ինքը քննադատել է Արմեն Սարգսյանի՝ 4-րդ նախագահի ընտրության գործընթացը:

«Ժողովուրդ ջան, սա պառլամենտական հանրապետություն է և պառլամենտում կա ընդդիմություն: Ընդդիմությունն օրենքի նախագծին դեմ է քվեարկում, օրենքն ընդունում է, դուրս է գալիս փողոց, խախտում է օրենքը, որովհետև դե՞մ է քվեարկել:

Ես հավակնում եմ լինել ՍԴ դատավոր: Դատարանի կողմից քննարկվելիք հարցերի մեջ լինելու են հարցեր, բնականաբար, որոնց վերաբերյալ ես փոքրամասնության մեջ եմ լինելու:

Այսինքն, հատուկ կարծիք եմ ներկայացնելու դրա վերաբերյալ: Ես հրապարակելու եմ հատուկ կարծիք, նշանակում է՝ ես չեմ ճանաչելու մեծամասնության կայացրած դատական ակտի ո՞ւժը:

ՀՀ նախագահը ՀՀ նախագա՞հ է, թե՞ ոչ՝ որոշվում է ոչ թե փաստաբան Վահե Գրիգորյանի մեկնաբանություններով, որ ես ժամանակին տվել եմ և շարունակում եմ տալ, այլ բոլոր սահմանադրական մարմինների կոնսենսուսով:

Եթե ՀՀ նախագահը ՀՀ նախագահ չլինի, էս պառլամենտն էլ չի լինի, էս պառլամենտն ընտրվել է նույն նախագահի հրամանագրով»:

Հարցին, թե՝ խորհրդարա՞նն էլ է համարվում ոչ լեգիտիմ՝ Վահե Գրիգորյանը պատասխանեց.

«Ոչ: Ես համարում եմ, որ չորրորդ նախագահին պետք է ընտրեին քաղաքացիները, այդ ժամանակ ուժի մեջ էր 2005-ի Սահմանադրությունը»:

Տեսանյութեր

Լրահոս