Ո՞վ է զբաղեցնելու ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հաստատում են ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, ըստ որի՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում կնշանակվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Եղիշե Կիրակոսյանը։
Կիրակոսյանը 2012-2014թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2014-2015թթ․ աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական։ ՄԻԵԴ-ում կառավարության լիազոր ներկայացուցիչն է։
Ի դեպ, Ե. Կիրակոսյանը «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի եղբայրն է։
Ինչպես հայտնի է՝ «Հայբիզնեսբանկի» փողերի լվացման գործով ամբաստանվող բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը 2017թ. օգոստոսին մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներում և դատապարտվել 13 տարվա ազատազրկման: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել է ազատազրկման ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն 1 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից ոչ ավելի:
Բացի դրանից, Արա Կիրակոսյանի դեմ քաղհայց էր ներկայացրել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, և դատարանը դատավճռով պարտավորեցրել է նրանից բռնագանձել 8,3 մլն եվրոյին համարժեք դրամ` որպես հանցագործության հետևանքով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին պատճառված վնասի հատուցում։
Արա Կիրակոսյանը մեղադրյալի կարգավիճակում էր հայտնվել նաև մեկ այլ քրեական գործի շրջանակներում: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Արա Կիրակոսյանի պատժի սկիզբը հաշվարկվել էր 2013թ. դեկտեմբերի 06-ից։
Ինչևէ, Եղիշե Կիրակոսյանը նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ, նախկին իշխանությունների օրոք երկար տարիներ Պետգույքի պետ Կարինե Կիրակոսյանի հետ ազգակցական կապեր ունի։
Կառավարության կայքէջից ներկայացնում ենք Ե. Կիրակոսյանի կենսագրությունը։
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982թ., ք. Երևան
Կրթություն
1998-2002 թթ.- Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
2002-2004 թթ.- Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2007թ.- Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթս համալսարան, միջազգային իրավունքի դասընթացներ, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
2009-2010թթ.- Ջորջթաունի համալսարան, Իրավունքի կենտրոն, մագիստրոսի աստիճան, Վաշինգտոն, ԱՄՆ
2017-2018թթ.- Սթենֆորդի համալսարան, իրավունքի դպրոց, իրավագիտության մագիստրոս, Սթենֆորդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Աշխատանքային գործունեություն
2003-2005 թթ.- Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոն, իրավախորհրդատու
2005-2006 թթ.- ՀՀ ԱԳՆ, իրավաբանական վարչություն` պայմանագրային աշխատող
2006 թ.-ից առ այսօր` ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս
2008 թ.- ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելություն, ավագ իրավաբան-վերլուծաբանի օգնական, ՀՀ նախագահական ընտրություններ 2008 թ.
2008 թ., 2014-2015 թթ.- ՀՀ Սահմանադրական դատարան, խորհրդական
2011 թ.-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում
2008-2012 թթ.- ՀՀ վարչապետի օգնական
2012-2014 թթ.- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2015-2017 թթ.- Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամ
2017-2018 հոկտեմբեր- Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ, գործընկեր
2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր – Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ
2018 թ. հոկտեմբերի 25-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական
2018 թ. նոյեմբերի 7-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ
Զինապարտ է, շարքային։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։
Կուսակցական պատկանելությունը՝
Անկուսակցական
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։