Բաժիններ՝

Ղազախստանում 957 մարդ է ձերբակալվել նախագահական ընտրությունների օրվանից ի վեր

Ղազախստանում հունիսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների օրվանից չարտոնված բողոքներին մասնակցելու համար ձերբակալվել եւ վարչական պատասխանատվության է ենթարկվել 957 մարդ:

Հունիսի 13-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Գլխավոր դատախազության հասարակական շահերի պաշտպանության ծառայության պետ Սափարբեկ Նուրփեիսովը:

670 ձերբակալվածներ ստացել են վարչական կալանքներ, եւս 115-ը տուգանվել է, 172-ը՝ ստացել է նախազգուշացում, գրել է Tengrinews.kz-ն:

Դատախազության մարմինները միջնորդել են 670 անձանցից 311-ի կալանքների ժամկետների կրճատման մասին, դատարաններն այդ խնդրագրերը բավարարել են, կալանավորներն ազատ են արձակվել:

«Այսօր դուրս կգա եւս 63 անձ: Կալանքը կրելու կմնա 180 մարդ: Նրանց պատժի ժամկետները 6-ից մինչեւ 15 օր է»,- ասել է Նուրփեիսովը:

Հունիսի 9-ին եւ 10-ին Ալմաթիում եւ Նուր Սուլթանում տեղի են ունեցել չարտոնված ակցիաներ՝ նախագահական ընտրությունները բոյկոտելու կոչով: Քվեարկության օրն այդ քաղաքներում ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 500, հունիսի 10-ին՝ շուրջ 200 մարդու:

Հունիսի 12-ի երեկոյան՝ ընտրյալ նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւի պաշտոնակալության օրը, ոստիկանությունն Ալմաթիում դադարեցրել է չարտոնված ակցիան, որի կազմակերպիչ է նշել արտասահմանում թաքնվող նախկին բանկիր Մուխթար Աբլյազովին: Նրա ստեղծած «Ղազախստանի դեմոկրատական ընտրությունը» քաղաքական կազմակերպությունը երկրում արգելված է հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս