Բաժիններ՝

Իրանը ճնշման ներքո բանակցությունների չի գնա ԱՄՆ-ի հետ. Խամենեի

Թեհրանը չի համաձայնի ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել ճնշման ներքո, չի վստահում Վաշինգտոնին, որի հետ չի ցանկանում կրկնել բանակցությունների «դառը փորձը»: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:

«Իրանը ոչ մի վստահություն չի տածում ԱՄՆ-ի նկատմամբ, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում Ամերիկայի հետ նախորդ բանակցությունների դառը փորձը ոչ մի դեպքում չպետք էկրկնվի, քանի որ ոչ մի խելամիտ ազգ բանակցությունների չի գնա ճնշման ներքո»,-ասել է Խամենեին հունիսի 13-ին Թեհրանում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հանդիպմանը:

Իրանի ղեկավարի խոսքը հրապարակված է նրա պաշտոնական կայքում: Խամենեին նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարողանա փոխել Իրանում գոյություն ունեցող կարգը: «Եթե ԱՄՆ-ն իրոք հետապնդում է այդ նպատակը, նա ի զորու չէ դա անել, ինչպես որ ԱՄՆ-ի նախորդ նախագահները 40 տարվա ընթացքում փորձում էին կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց չստացվեց»,-ասել է Խամենեին: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը չէր կարողանա խանգարել Իրանին միջուկային զենք ստանալու հարցում, եթե դա հարկավոր լիներ Թեհրանին:

«Մենք դեմ ենք միջուկային զենքին, իմ ֆետվան արգելել է միջուկային զենքի ստեղծումը: Բայց գիտցեք, որ եթե մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ ունենայինք, ԱՄՆ-ը ոչինչ չԷր կարողանա անել դրա դեմ»,-նշել է Խամենեին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իրավասու չէ մատնանշել, թե որ երկրներն իրավունք ունեն միջուկային զենք ունենալ եւ որոնք՝ ոչ, քանի որ Միացյալ Նահանգներում հազարավոր միջուկային մարտագլխիկներ են պահվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս