Մանվել Գրիգորյանի մոտ ևս երեք ծանր հիվանդություն է հայտնաբերվել
«Եղած ծանր հիվանդություններին, որոնք թվով 30-ն են, եզրակացությամբ փաստվեց ևս երեքը, որոնք ձեռք են բերվել կալանքը կրելու ժամանակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ հավելելով, որ նոր հայտնաբերված հիվանդությունների հետևանքը լինելու է անդամահատությունը։
Փաստաբանի խոսքով՝ պետական լիազոր մարմինների կողմից կատարվում են անօրինականություններ։
«Ամիսներ առաջ դիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որ անհապաղ միջոցներ ձեռնարկեն և Մանվել Գրիգորյանին տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի բուժում իրականացվի։ ՀՀ կառավարությունն անմիջապես արձագանքեց, տեղափոխեց քաղաքացիական հիվանդանոց։ Բուժումն իրականացվեց մոտ 2-3 ամիս, բայց մի քանի օր առաջ ՔԿՀ բուժծառայության մակարդակով գրություն ուղարկվեց «Նաիրի» բժշկական կենտրոն, տեղեկացրեցին, որ դատապարտյալների հիվանդանոցն ունի բուժում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները։ Այսինքն, թքած ունենալով կառավարության՝ ՄԻԵԴ-ին ուղղված գրության վրա։ Արդյունքում՝ օրեր առաջ Դատապարտյալների հիվանդանոցից անձին կոմայի մեջ տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց»,- մանրամասնեց Լևոն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել էր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ