Բաժիններ՝

Ռոուհանին հուսով է, որ Ճապոնիայի վարչապետի այցը բեկումնային կդառնա երկու երկրների հարաբերություններում

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հուս է հայտնել, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի այցը բեկումնային կդառնա Թեհրանի եւ Տոկիոյի հարաբերություններում: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:

«Իրանը մեծ կարեւորություն է տալիս Ճապոնիայի հետ համագործակցության զարգացմանը, եւ մենք հուսով ենք, որ ներկայիս այցը բեկումնային կդառնա Թեհրանի եւ Տոկիոյի հարաբերություններում»,- Ռոուհանիի խոսքը մեջբերել է գործակալությունը: Նա ընդգծել է, որ Իրանը շահագրգռված է կապերի զարգացմամբ, հատկապես տնտեսական ոլորտում: Ռոուհանին դրական է արձագանքել Իրանի հարավային նահանգների նախագծերում ներդրումներ իրականացնելու ճապոնական կողմի ցանկությանը:

«Թեհրանը ողջունում է ճապոնական ներդրումները Չաբահար նավահանգստի եւ Մեկրան ափամերձ գոտու շրջանում»,- նշել է նա: Սինձո Աբեն պաշտոնական այցով Թեհրան է ժամանել հունիսի 12-ին՝ դառնալով 41 տարվա ընթացքում Ճապոնիայի՝ Իրան այցելած առաջին վարչապետը: Ճապոնիայի կառավարության՝ Իրան այցելած վերջին ղեկավարը եղել է Տակեո Ֆուկուդան: Դա տեղի է ունեցել 1978 թվականին՝ դեռ նախքան շահի տապալումը եւ իսլամական հանրապետության կազմավորումը: Այսպիսով, Աբեն դարձել է Ճապոնիայի՝ իսլամական հանրապետություն այցելած առաջին վարչապետը:

Այցի ընթացքում, որը կտեւի հուլիսի 12-ից մինչեւ 14-ը, պլանավորված են Ճապոնիայի վարչապետի հանդիպումները Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ: Ճապոնիայի վարչապետի այցն ընթանում է Տոկիոյի երկու գործընկերների՝ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների սրման պայմաններում, որը տեղի է ունենում ամերիկյան հակաիրանական պատժամիջոցների խստացման եւ ռազմական լարվածության աճի ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս