Սամվել Բաբայանի կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունը հակասում է Սահմանադրության հիմնական դրույթներին. Գագիկ Բաղունց

Հակված եմ ենթադրել, որ 2020 թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար ոչ ֆորմալ հայտ ներկայացրած թեկնածուները ամենայն պատասխանատվությամբ կվերաբերվեն այս գործընթացին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ, ով հավակնում է նման բարձր պետական պաշտոնի, պետք է ունենա գրագետ և պատասխանատու թիմ, որպեսզի կարողանա ամբողջ գործընթացը անցկացնել ժողովրդավարական հունի մեջ՝ ապահովելով թափանցիկ ընտրություններ:

«Այդ համատեքստում ծավալվող ցանկացած գործընթաց պետք է լինի իրավական շրջանակներում, առավել ևս ոչ մի կերպ չոտնահարի սահմանադրական դրույթները: Ստորագրահավաք կազմակերպելու և սահմանադրական թույլատրված փոփոխություններ կատարելու համար առաջարկվող փոփոխությունները չպետք է խախտեն Սահմանադրության ներքին ներդաշնակությունը, մեկը մյուսին հակասող դրույթներ չպետք է ի մի բերեն: Պետք է բացառվեն նման կազուսները:

Սահմանադրությունը կարելի է համեմատել մի կենդանի օրգանիզմի հետ, որտեղ յուրաքանչյուր հոդված հանդիսանում է օրգանիզմի մի մարմին, և նրանց կիրառումը պետք է ստեղծի առողջ օրգանիզմ, որը կաշխատի արդյունավետ: Այս առումով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թիմի ներկայացրած փոփոխությունները հակասում են մեր Սահմանադրության հիմնական դրույթներից մեկին, այն է՝ մեր հռչակումը և ինքնիշխանության ապահովումը:

Տվյալ փոփոխությունը կատարելով՝ ներքին հակասություն է առաջանում: Օրինակ՝ եթե ոչ Արցախի Հանրապետության քաղաքացին գալիս է մեր պետության իշխանության գլուխ, ապա ինչքանով է դա ընդունելի: Կամ էլ եթե ՀՀ քաղաքացին իրավունք ունի մասնակցելու մեր իսկ հանրապետական նշանակություն ունեցող ընտրություններին, ապա ինչու հակառակ հնարավորությունն Արցախի քաղաքացիների համար չկա»,- մանրամասնել է Գ. Բաղունցը:

Տեսանյութեր

Լրահոս