«Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը շարունակելու է պաշտոնավարել». Արա Շիրինյան
«Փոփոխություններ ցանկացած հիմնարկում միշտ էլ տեղի են ունում, բայց եթե նկատի ունեք խոշորածավալ կամ զանգվածային կադրային փոփոխություն, ապա ասեմ, որ չի լինելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում ընտրված ռեժիսոր Արա Շիրինյանը։
Իսկ հարցին՝ Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, Ա. Շիրինյանը կարճ պատասխանել է. «Այո, նա շարունակելու է»։
Այն դիտարկմանը, թե Մարգարիտա Գրիգորյանը սեփական կադրային բանկն է բացել, Շիրինյանը պատասխանել է, որ ինքն անձամբ է ցանկանում ուսումնասիրություն անել, ապա հետևություն անել։
«Այս պահին նպատակահարմար չեմ գտնում որևէ հրապարակային բան հայտնել։ Չեմ կարծում, որ նախկինում հնչած բոլոր մեղադրանքներն ունեին լուրջ հիմքեր»,- ասել է Արա Շիրինյանը։