Գերմանիայի դեսպանությունը հուլիսից Նիդեռլանդների վիզա չի տրամադրի
Հուլիսի 3-ից սկսած՝ Գերմանիայի դեսպանությունն այլեւս Նիդեռլանդների համար վիզայի դիմումներ չի ընդունի:
Դեսպանատանը նշել են, որ նիդեռլանդական կողմն այս գործը պատվիրակել է Երեւանում գործող VFS.GLOBAL ընկերությանը:
Դիմումների վերաբերյալ որոշումները կկայացնի Նիդեռլանդների արտգործնախարարությունը:
«Եթե Դուք Նիդեռլանդներ մեկնելու համար արդեն իսկ ամրագրել եք 03.07.2019թ. հաջորդող օրերից որեւէ մեկը, ապա խնդրում ենք կատարել հետեւյալ քայլերը.
– Եթե կցանկանաք օգտվել ավելի վաղ դիմելու հնարավորությունից (որովհետեւ, օրինակ, Ձեր մեկնման օրը հուլիսի սկզբին է), ապա կարող եք պահել արդեն իսկ ամրագրած պայմանավորվածությունը եւ դրա հաստատման վերաբերյալ էլեկտրոնային նամակում առկա վերագրանցման հղումով երկուշաբթի օրերին տրվող հնարավորությամբ առաջ բերել այն: Եթե չկարողանաք հասցնել վերագրանցվել, Ձեր դիմումը, ցավոք, 03.07.2019-ից սկսած այլեւս չի կարող ընդունվել:
– Եթե ավելի ուշ եք պլանավորում մեկնել Նիդեռլանդներ, կամ բավարար ժամանակ ունեք մինչեւ Ձեր մեկնման օրը (հուլիսի կեսերից սկսած), եւ ունեք ամրագրված պայմանավորվածություն 03.07.2019թ. հետո, ապա չեղարկեք այն չեղարկման համապատասխան հղումով, որը կգտնեք պայմանավորվածությունը հաստատող էլեկտրոնային նամակի մեջ, եւ դիմումի ընդունման նոր պայմանավորվածություն ձեռք բերեք արդեն VFS.GLOBAL ընկերությունից»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում:
Վիզայի համար հնարավոր է դիմել նաեւ Թբիլիսիում Նիդեռլանդների դեսպանություն: