
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը հանդիպել է Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակին

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հունիսի 12-ին հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Մարտին վան Հելֆետին (Martijn van Helvert)։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով Հայաստանին առնչվող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության և հայ-հոլանդական հարաբերությունների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին սատարելու համար՝ դեսպան Բալայանը նշեց, որ երեկ խորհրդարանի կողմից Թուրքիայի նախագահի՝ Հայոց ցեղասպանության զոհերին վարկաբեկող հայտարարությունները դատապարտող բանաձևի ընդունմամբ Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամները մեկ անգամ ևս ցուցադրեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը մարդու իրավունքների և Ցեղասպանության կանխարգելման հարցերում:
Տիգրան Բալայանը Մարտին վան Հելֆեթին ներկայացրեց Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատաիրավական բնագավառի փոփոխությունների, տնտեսական հավասար պայմանների խթանմանն ուղղված քայլերը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների և դրանց իրագործման համար խորհրդարանական աջակցության կարևորության շուրջ։