Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հարցաքննության է հրավիրվել Քննչական կոմիտե՝ Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբներից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։ Այս մասին տեղեկացրել են  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի գիշերը Աբովյանում հրկիզել էին քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի բնակարանն ու մեքենան։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու համար։ Սարիբեկյանը ճանաչվել է գործով տուժող:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կատարվածի վերաբերյալ իր դիրքորոշումն արդեն հայտնել է.

«Իր մտահոգությունն ու անձնական կարծիքն է հայտնել, որ դա սարքված գործ է, և այդ կարծիքը կիսում ենք նաև մենք՝ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամներով։ Ծառուկյանը նաև հույս է հայտնել, որ իրավապահները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը և մեղավորներին պատասխանատվության կենթարկեն»։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս