Բաժիններ՝

Հոնկոնգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ

Հոնկոնգում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել արմատական ցուցարարների առանձին խմբերի նկատմամբ, որոնք հունիսի 12-ին փորձել են ներխուժել Օրենսդրական խորհրդի համալիր: Այդ մասին հայտնել է RTHK ռադիոկայանը:

Ներկայում արտահանման մասին օրինագծի ընդունման դեմ բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցներ շարունակում են շրջապատել կառավարական համալիրը: Ակտիվիստների մի մասը ճոճում է մետաղական արգելափակոցը՝ փորձելով գրոհով ներս մտնել: Կարգի պահապանները բազմությանը զսպում են պղպեղային գազով եւ ռետինե մահակներով, իսկ այնուհետեւ կիրառել են արցունքաբեր գազ եւ ծխագլանիկներ:

Բողոքների կազմակերպիչները հայտարարել են, որ Օրենսդրական խորհրդի պաշարումը կարող է շարունակվել մի քանի օր, քանի դեռ իշխանությունները չեն հրաժարվել օրինագծի ընդունման գաղափարից, որը թույլ կտա կարգավորել հանցագործությունների մեծ կասկածվող անձանց ինքնավար Հոնկոնգից մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մեխանիզմը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Հոնկոնգի Օրենսդրական խորհուրդը որոշել է հետաձգել ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի քննարկման համար նիստի անցկացումը բողոքի բազմահազարանոց ակցիայի ֆոնին, որն ընդգրկել է քաղաքի կենտրոնը: Խորհրդարանի քարտուղարությունում չեն ճշտել, թե ինչ ժամկետով կարող է հետաձգվել նստաշրջանը:

Ավելի վաղ Հոնկոնգի փողոցներ են դուրս եկել տասնյակ հազարավոր ցուցարարներ, որոնք դեմ են արտահայտվում օրինագծին: ՏԱՍՍ-ի թղթակցի վկայությամբ, հանրահավաքի մասնակիցները լցվել են կառավարական համալիրին եւ Օրենսդրական խորհրդին հարող փողոցները Ադմիրալտիի շրջանում: Մարդկանց բազմություններն արգելափակել են տրանսպորտի երթեւեկությունը, ինչի հետեւանքով ճանապարհային լուրջ խցանումներ են առաջացել:

Հոնկոնգում ցուցարարները բողոքում են ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի եւ այդ ինքնակառավարվող հատուկ վարչական շրջանի ներքին գործերի նկատմամբ Չինաստանի իշխանությունների կողմից վերահսկողության ուժեղացման դեմ:

Նորամուծությունը թույլ կտա Չինաստանի իշխանությունների պահանջով մայր ցամաք հանձնել այն անձանց, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենքների խախտման մեջ:
Դրա դեմ հանդես է գալիս տեղական ընդդիմությունը, որն անհանգստացած է Հոնկոնգի ներքին գործերի նկատմամբ Պեկինի վերահսկողության ուժեղացումից: Ընդդիմությունը զգուշանում է, որ արտահանձնումը կարող է տարածվել ոչ միայն քրեական եւ կոռուպցիոն գործերի ֆիգուրանտների, այլեւ իրավապաշտպանների եւ այլախոհների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս