Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց՝ դատավորի ինքաբացարկի միջնորդությունը քննելու համար

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։ Նիստին  ներկա են Ռոբերտ Քոչարյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և քրեական գործերով փաստաբան,  ֆրանսիացի Սևակ Թորոսյանը։

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին՝ նշելով, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչպես կարող է պատահել, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացվող երկու բողոքների քննությունը հանկարծ հայտնվեց միևնույն դատավորի մոտ։ Ուստի իրենց համար շատ կասկածելի հանգամանքներում է երկու բողոքների քննությունը հայտնվել նույն դատավորի մոտ, այդ պատճառով էլ ներկայացրել են դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։

Հայկ Ալումյանը նաև հավելեց, որ միակ շահագրգիռ կողմը Դատախազությունն է, որը ցանկացել է, որ երկու բողոքների քննությունն էլ հայտնվի նույն դատավորի մոտ, քանի որ դատավոր Արմեն Դանիելյանն այն դատավորներից է, որը հազվադեպ է ընդունում այնպիսի դատական ակտ, որը կարող է հակասել Դատախազության շահերին։

ՀՀ գլխավոր դատախազը և Սեդա Սաֆարյանն էլ հայտնեցին, որ կողմ չեն դատավորի ինքնաբացարկին։

Դատարանը որոշեց նիստը հետաձգել  ինքնաբացարկի միջնորդությունը քննելու և պաշտպանական կողմին որոշակի նյութեր տրամադրելու համար։
Դատարանն իր աշխատանքները կշարունակի հունիսի 14-ին։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս