«Հայաստանն իր ներքին օրակարգի ձևավորման մեջ բացել է դռները, և սա շատ ավելի վտանգավոր է». Վահե Հովհաննիսյան

Երեկ՝ մայիսի 11-ին, հաշվի առնելով երկրում անցումային արդարադատության, մասնավորապես, վեթինգի իրականացմանն առնչվող ակտիվ հանրային քննարկումները՝ «ԼՈՒՅՍ» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը նախաձեռնել էր մասնագիտական քննարկում այս թեմայի առնչությամբ։

Քննարկմանը մասնակցող Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ իր կարծիքով՝ քաղաքական իշխանության փոփոխության դեպքում դատական իշխանությունը պետք է լինի անփոփոխելի, որովհետև դա մասնագիտացված իշխանություն է, և յուրաքանչյուր քաղաքական փոփոխության հետ այն չպետք է փոխվի։

Ըստ բանախոսի՝ վեթինգ կիրառելու համար պետք է ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝

  1. Ինչպե՞ս պետք է չափել դրա անհրաժեշտությունը։
  2. Ո՞ր սուբյեկտներն են լինելու վեթինգի թիրախում, և եթե խոսքը գնում է միայն դատավորների մասին, արդյո՞ք քննիչները, դատախազներն ու ոստիկաններն ավելի լավն են։
  3. Արդյո՞ք մենք ունենք կադրային բավարար ռեզերվ։
  4. Ո՞վ է լինելու վեթինգ կիրառող մարմինը, ինչպե՞ս է այն կազմավորվելու։
  5. Վեթինգի բաղադրիչներից որո՞նք են կիրառվելու։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար Վահե Հովհաննիսյանն էլ իր ելույթում նշեց, որ սա քննարկում է անհայտի մասին։

«Մեզ չեն ասում, թե ինչ են առաջարկելու, և դա առաջին հերթին՝ գաղափարի հեղինակների խնդիրն է։ Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր պաշտպանում են Հայաստանում անցումային արդարադատություն ներդնելու հարցը, նույնպես չգիտեն, թե ինչի մասին է խոսքը։ Որպես սրա տրամաբանական շարունակություն՝ կա արհեստական, դրսից ներմուծվող գաղափարի օրինակը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ այս գաղափարը հրամցված է դրսից։

Բանախոսի կարծիքով՝ Հայաստանն իր ներքին օրակարգի ձևավորման մեջ բացել է դռները, և սա շատ ավելի վտանգավոր է, քան մեկ գաղափարը, որովհետև եթե դու թույլ ես տալիս, որ քո ներքին օրակարգին այլք միջամտեն, դա անկանգառ պրոցես է։ Անընդհատ գալու է նոր ծրագրերի, գաղափարների խմբաքանակ, և վերջում մենք կանգնելու ենք լրիվ այլ իրողության առաջ։

Հաջորդ դրույթը, ըստ Վահե Հովհաննիսյանի, որը մտորումների տեղիք է տալիս, անցումային արդարադատության չճշտված նպատակն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս