Բաժիններ՝

Համահայկական խաղերի ջահը վառվեց Մուսա լեռան գագաթին

Համահայկական խաղերի պատվիրակությունը հատուկ առաքելությամբ ժամանեց Կիլիկիա:  Համահայկական խաղերի ջահը պետք է վառվեր հենց Մուսա լեռան վրա` հաղթական լեռան ուժը հերոսական Արցախին փոխանցելու համար: Այս տրամաբանությունն է ընկած Համահայկական 7-րդ խաղերն Արցախում անցկացնելու գաղափարի մեջ:

Մուսա լեռան ստորոտում՝ Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հագևոր առաջնորդ Հայր Սուրբ  Թաթուլ Անուշյանի ձեռամբ նախ պատարագ մատուցվեց` Համահայկական խաղերի հաջող մեկնարկի ու ընթացքի համար: Ապա եկեղեցու վառվող մոմերից Համահայկական խաղերի  ջահը վառելու պատիվը վերապահվեց խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանին:

Կիլիկիո Այնթափ քաղաքը Ալբեր Բոյաջյանի ծնողների ծննդավայրն է։

Պատվիրակության անդամներից շատերի համար պատմական Կիլիկիա այցելությունն առաջինն էր, նրանք կիսվեցին համահայկական միասնության և ոգեկոչման այս արարողության տպավորություններով:

ՀԽՀԿ փոխնախագահ Ռոլանդ Շառոյանի կարծիքով՝  այս արարողությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովուրդը աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հավաքական միտքն ուղղված է  լինելու հայրենիքի միասնության միջոցով պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն:

«Հենց այսօր, այս հողի վրա, որ մենք կանգնած ենք, կյանքը ցույց է տվել, որ այն ինչ կորցրել ենք, մենք կորցրել ենք պառակտվածության արդյունքում, և հիմա ճիշտ ճամանակն է, որպեսզի  գոնե վերագտնենք մեզ և լինենք իսկապես պահանջատեր ու հասնենք գոնե կորստի մինիմալ վերականգնման գործընթացին»,- նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Վառված կրակը Մուսա լեռան գագաթ հասցնելու յուրատեսակ հաղթարշավի բոլոր այլ մանրամասները կցուցադրվեն Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ:  ՀԽՀԿ գործկոմի անդամ Պերճ Հալաջյանն  ջահի վառման և տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ ասաց. «Բախտը ունեցանք այսօր, այս սերունդի մարդիկ, որ տեսաք ջահի վառման ժամանակ, իրենք տերն են այս գործին և հայապահպանման այս պահին»:

Համահայկական խաղերի  պատվիրակությունը այցելեց նաև պատմական Կիլիկիայի բերդեր` Լևոն Երկրորդ թագավորի բերդ և մայրաքաղաք Սիսի միջնաբերդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս